Արմեն Մարտիրոսյանը` ԲՀԿ-ի հետ հնարավոր հանդիպման մասին. «Կարծում եմ` կմասնակցենք»
«Ժառանգություն» կուսակցություն դեռևս չեն քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում հյուրընկալվելու և ԲՀԿ-ի ղեկավարության հետ հանդիպելու հարցը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նոր կժամանի Դուբլինից, որտեղ մեկնել էր ԵԺԿ համագումարին մասնակցելու, դրանից հետո կքննարկենք այդ հարցը և համապատասխան որոշում կայացնելու դեպքում` կտեղեկացնենք: Կարծում եմ` կմասնակցենք, որովհետև մենք միշտ բաց ենք եղել ցանկացած քաղաքական ուժի հետ հանդիպման, երկխոսության, և որևէ խնդիր չեմ տեսնում: Բայց պաշտոնական որևէ բան չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ, ընդհանրապես, Արմեն Մարտիրոսյանն այս գործընթացը գնահատեց նորմալ և դրական:
«Մենք տարիներ շարունակ հնչեցրել ենք այդ միասնության կոչը: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ միասնության արդյունքում ավելի լայն համախմբում լինի, ոչ միայն այդ չորս քաղաքական ուժերը: Եվ, կարծես թե, մեր գործընկերները նույնպես տրամադրված են ավելի լայն քաղաքական, հասարակական համախմբման, որպեսզի հասարակության ակտիվ մասնակցությամբ փոխենք երկրում ստեղծված այս ծանր իրավիճակը»,- ասաց նա:
Արդյոք կարո՞ղ ենք սա համարել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթում համախմբման և նաև ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի կարևորման մասին հայտարարությունների շարունակություն:
Պատասխանելով մեր այս հարցին` Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ո´չ, ո´չ, այդ գործընթացը դեռ Նոր տարուց առաջ է սկսվել, չորս ուժերի համագործացկությունը տարբեր խնդիրների շուրջ եղել է, մենք տեսանք համագործակցություն և´ գազի խնդրի, և´ կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի շուրջ, պարզապես այդ համագործակցությունը կամաց-կամաց խորանում է»:
Նշենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը վերոնշյալ ելույթում մասնավորապես ասել էր, թե Հայ ազգային կոնգրեսը, ինչպես նախկինում, այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման, սակայն քանի որ գիտակցում է այդ նպատակին հասնելու համար մյուս քաղաքական ուժերի աջակցությունը, իսկ վերջիններս, ՀԱԿ-ի առաջնորդի խոսքերով, կարծես թե ավելի հակված են հանգրվանային լուծման, այսինքն` նախ կառավարության հրաժարականը պարտադրելուն, և դրանից հետո միայն մտածել նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին, ապա հասարակության և քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով` Կոնգրեսն այդ մոտեցումն էլ ընդունելի է համարում:
ՀՀ առաջին նախագահի ձևակերպմամբ` ամենևին չհավակնելով առաջատարի դերի` Կոնգրեսը պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ` կառավարության հրաժարականին հասնելու հարցում, բայց ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության:
Սրան անդրադառնալով` Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե չորս ուժերից որևէ մեկը ո´չ առաջատար է, ո´չ էլ ետնապահ, և պետք է ձևավորվի միասնական մոտեցում. «Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ նշեց, այդ չորսով կորոշեն` ինչպիսի մարտավարություն որդեգրել: Թե ինչպես կհամակարգենք մեր պատկերացումներն իրար հետ, հետագա քննարկումների արդյունք է»:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 7-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` կուսակցության անդամներ Ստեփան Մարգարյանի և Վարդան Օսկանյանի հետ միասին, կուսակցության գրասենյակում հյուրընկալել էր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Արմեն Ռուստամյանին ու Աղվան Վարդանյանին:
Հանդիպումից հետո Վարդան Օսկանյանը տեղեկացրել էր, թե առաջիկայում հանդիպումներ են նախատեսված ինչպես այլ քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ.
«Մյուս շաբաթ այս նույն սրահում ուրախ կլինենք հյուրընկալել նաև Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերներին, ինչպես նաև Ժառանգության ներկայացուցիչներին, որոնց հետ, առավել քան համոզված եմ, որ ծավալվելու է կառուցողական քննարկում»: