Թատերականի շենքը գրավադրված չէ, աշխատակիցներին էլ պարտք չեն. ԿԳՆ
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերը գրավադրված չեն, իսկ բոհի աշխատակիցների աշխատավարձի գծով այլևս պարտք չկա: 168.am-ի՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հղված հարցադրումներին ի պատասխան հավաստիացրել են նախարարությունից:
Վերջերս տեղեկություն էր տարածվել, որ վարկերի պատճառով բուհի նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը ինստիտուտի շենքը գրավ է դրել և ֆինանսական խնդիրների պատճառով աշխատավարձերը կանոնավոր չեն վճարվում:
Մեր հարցին, թե նոր ռեկտորի ընտրությունը ե՞րբ է նախատեսվում, նախարարությունից պատասխանել են, թե «ռեկտորի թափուր տեղի ընտրությունը կիրականացվի բուհի կանոնադրությամբ սահմանաված կարգով և ժամկետներում»:
Բուհի նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը վախճանվել է այս տարվա հունվարի 8-ին: Ըստ կարգի՝ ռեկտորին ընտրում է ինստիտուտի կառավարման խորհուրդը՝ մրցութային կարգով: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նիստի ժամանակ, հունվարի 16-ին, խորհրդի նախագահ է ընտրվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իսկ բուհի ռեկտորի ընտրության հարցին մինչ օրս լուծում չի տրվել: