Բաժիններ՝

Դ!ԵՄ ԵՄ. Կոչ չիմանալով կամ պարտադրված ֆոնդ ընտրած ՀՀ քաղաքացիներին

Հարգելի Հայրենակից,

Մենք բնավ ցանկություն չունենք մարդկանց ապակողմնորոշելու: Եթե Դուք հավատում եք, որ Ձեր այսօրվա գումարները 23-45 տարի հետո թոշակի տեսքով կվերադարձվեն Ձեզ, ապա համարեք, որ Դուք ճիշտ եք վարվել ֆոնդ ընտրելիս: Մենք նախընտրում ենք ինքնուրույն տնօրինել մեր միջոցները՝ թույլ չտալով որևէ ոտնձգություն մեր սեփականության նկատմամբ, և ոչ ոք չի կարող մեզ համոզել հակառակը: Սակայն եթե դուք հոգու խորքում Ձեզ խաբված կամ վիրավորված եք զգում, որ անկարողությունից պարտադրված եք ընտրել այդ Ֆոնդը, և ելքեր եք որոնում այդ ֆոնդերից հրաժարվելու համար, ապա այս Կոչը Ձեզ է ուղղված:

Ցավոք, այս պահին, ֆոնդից հրաժարվելու մեխանիզմներ օրենքում չկան, և դա նաև այն պատճառներից մեկն է, որ մենք պայքարում ենք այդ թերի օրենքի դեմ:Եթե Դուք չունեք հիմքեր, որ Ձեզ խաբել են կամ ստիպել են ֆոնդ ընտրել, ցավում ենք, բայց այս պահի դրությամբ և օրենքի այսպիսի խմբագրությամբ Դուք չեք կարողանալու դուրս գալ այդ համակարգից: Սակայն մենք հավատում ենք մեր գործադրած ջանքերին, որ հասնելու ենք նրան, որ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժը կորցրած ճանաչվի, որից հետո մենք բարձրացնելու ենք այն աշխատողների խնդիրները, ովքեր անտեղյակ լինելով կամ աշխատանքը կորցնելու վտանգից դրդված կամ արտաքին ճնշման ու ազդեցության տակ հարկադրված են եղել ընտրել ֆոնդի կառավարիչ, որի արդյունքում էլ իրենց աշխատավարձերից կատարվել են պարտադիր վճարումը:

Մեզ և Ձեզ մաղթում ենք հաղթանակ այս դժվարին պայքարում: Ոչ ոք չի խոստացել, որ այն դյուրին է տրվելու:

Այժմ, երբ Ձեզ խաբված եք զգում, մի՛ հուսահատվեք, հավատացե՛ք, որ հիմա առավել ևս արժի պայքարել այդ անօրեն «օրենքի» դեմ: Միացեք պայքարին ու ներգրավեք որքան հնարավոր է շատ մարդկանց:

Սպասում ենք Ձեզ և Ձեր բոլոր ընկերներին մեր հետագա հավաքներին և ակցիաներին` կոչ անելով չհուսահատվել և պայքարել մինչև հաղթական ավարտ:

«Դ!ԵՄ ԵՄ» Թիմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս