Աննա Աղլամազյան. Երեկվա միջադեպին եղել են նաև կարմիր բերետավորներ (տեսանյութ)
«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Աննա Աղլամազյանը, ով երեկ մասնակցել է Երևան-Վանաձոր մայրուղում տեղի ունեցած գյուղացիների բողոքին՝ հավաստիացնում է, որ գյուղացուն հասցրել են այն վիճակին, որ բողոքի: Նա նշեց, որ մայրուղի փակելն էլ պայմանավորված է նրանով, որ նրանք բողոքելու այլ ելք չունեին:
Անդրադառնալով երեկվա դեպքերին, նա պատմեց. «Քաղաքացիական հագուստով ոստիկաններն ուղղակի մտան գյուղացիների մեջ և սկսեցին համոզել` եկեք, գնանք հէկ-ի տարածք, և երբ նրանց հաջողվեց գյուղացիների մի մասին համոզել և մի կողմ տանել, նրանք բառի բուն իմաստով՝ հարձակվեցին մեր մի քանի ակտիվիստների վրա և բռնի ուժով ուղղակի փորձեցին բերման ենթարկել: Կեցցե՛ն մեր գյուղացիները, որ հենց այդ պահին շրջափակեցին մեքենան, բռնեցին մեր տղաներին: Քաշքշում էին սարսափելի, խփում էին և հայհոյում: Գյուղացիների շնորհիվ այդ պահին ուղղակի չկարողացան բերման ենթարկել: Նրանք ցանկանում էին այդ ակտիվ երիտասարդին հանել, իսկ հետո գյուղացիների հետ զբաղվել այնպես, ինչպես որ միշտ զբաղվում են»:
Աննայի հավաստմամբ՝ երեկվա միջադեպին եղել են նաև կարմիր բերետավորներ. «Մենք տեսել էինք, որ 4 մեքենա բերել էին, իսկ գյուղացիներն ասացին՝ 8: Եվ կարծում եմ՝ իրենք տեսան, որ գյուղացիները մի մարդու պես մեր հետ կանգնած են, և եթե իրենք բերետավոր հանեն՝ շատ ավելի լուրջ բախումներ կլինեն, և նրանք չգնացին այդ քայլին»: Նա նաև հավելեց, որ հատված ընկուզենիները պարզապես արմատախիլ են արված, և անգամ դրանց հետքը չի երևում. «Գյուղացիներն ասում էին՝ ի՞նչ կարող ենք անել, որ մարդկանց դատի տանք էս մեր հաստաբուն 30-40 տարվա ծառերն արմատախիլ անելու և տանելու համար` առանց որևէ թույլտվության և առանց որևէ մեկին հարցնելու»:
Խոսելով բերման ենթարկված ակտիվիստների մասին՝ Աննան ասաց. «Լենինգրադյան փողոցում, շենքի բնակիչների աչքի առաջ, 30-40 խուժան, կարելի է այսպես ասել, խուժանական հարձակումով մեզ վրա հարձակվեցին և չորս հոգու դրեցին մեքենաները: Մոտ հինգ մարդ էր ոստիկանական համազգեստով, մնացածը քաղաքացիական հագուստով էին, դրեցին մեքենան և տարան Աշտարակի ոստիկանություն»:
Աննան հավելեց. «Այս ձևով մեր երկրում մեզ հետ չհամարձակվեք վարվել: Այսօր բռնազավթել եք մեր երկիրը, վաղը մենք հետ ենք վերցնելու»: