Բաժիններ՝

Օրենքի նախագիծ՝ ընդդեմ Fake-երի. գրաքննությո՞ւն, թե՞ պատասխանատվություն

Ազգային ժողովի խմբակցությունների որոշ  պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ («Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք), որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ՝ Fake-երի (կեղծ օգտատեր՝ անգլ.- Ա.Ք.) էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար: Օրենքի նախագծի համահեղինակներն են Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը:

Ըստ օրենքի  նախագծի՝ լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացվում մեկնաբանությունը, կամ հրաժարվում է հեռացնել այն:

Օրենքի նախագծի մեկ այլ հոդվածով՝ լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:

Հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջը չկատարելու դեպքում տուժողն իրավունք ունի դատական կարգով էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել՝ կամ մի հրապարակային ներողություն խնդրել, հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը և վճարել վիրավորանքի կամ զրպարտության սույն հոդվածով նախատեսված չափի փոխհատուցում` անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելու հանգամանքից: Ըստ օրենքի նախագծի հեղինակ որոշ պատգամավորների՝  օրենքի նախագծի համար հիմք և նախադեպային իրավունք է հանդիսացել Եվրոպական դատարանի վճիռներից մեկը:

Կարդացեք նաև

168.am-ի  հետ զրույցում նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ սոցիալական ցանցերում «ֆեյք» օգտատերերի գրառումները հրապարակելու դաշտը դեռ կարգավորված չէ, և երբեմն մարդիկ չգիտեն՝ ումի՞ց պատասխանատվություն պահանջեն իրենց հասցված վիրավորանքի համար. «Եթե այդ «ֆեյք» օգտատերն ինչ-որ բան է գրում իր ֆեյսբուքյան պատի վրա, և կայքերը վերցնում են դա, բազմացնում են, հետո, մարդը` շահագրգիռ անձը, ասում է՝ «Ախպեր ջան, ինձ վիրավորել է այս օգտատերը, ես չեմ գտնում իրեն, ինքը չկա, «ֆեյք»՝ կեղծ է, չունի անուն-ազգանուն, կամ եթե ունի` կեղծ է, չունի նկար, ոչինչ չունի, ո՞վ է պատասխան տալու», զանգվածային լրատվամիջոցը  պատասխանում է`« Դե, ինքն է գրել, մենք պատասխանատություն չենք կրում»:

Ըստ Է. Մարուքյանի՝ օրենքի այս նախագիծը կկանխարգելի բոլորի կողմից չարաշահումները:  «Այսօր այդպիսի վիճակ է, ու ԶԼՄ-ներին ոչինչ չես կարող ասել այդ առումով: Անգամ, եթե դիմում եք, որպեսզի հանեն կայքից այդ հրապարակումը՝ չեն հանում, և ունենք նման նախադեպեր: Հիմա, այս իրավակարգավորման պարագայում եթե կա այդ ձևի բան, շահագրգիռ անձը պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկի, փորձի գտնել այդ օգտատիրոջը, եթե չի գտնում՝ դիմում է ԶԼՄ-ին, ասում է՝ սրա մեջ կա զրպարտություն կամ վիրավորանք, խնդրում եմ հանեք լրատվամիջոցի կայքէջից տվյալ հրապարակումը: Լրատվամիջոցը 12 ժամվա ընթացքում կամ հանում է, կամ տալիս է գրառման հեղինակ այդ մարդու տվյալները: Այդ պարագայում լրատվամիջոցը պատասխանատվություն չի կրում: Եթե չի տալիս տվյալները, ասում է՝ չգիտեմ ով է, ինձ չի էլ հետաքրքրում, և այլն,  ու չի հանում այդ գրառումը, այդ դեպքում նույն 1087 հոդվածի կարգավորումներով զրպարտության և վիրավորանքի հայց կարող է ներկայացվել ԶԼՄ-ի դեմ»,- ասաց պատգամավորը:

Է. Մարուքյանը նշեց, որ ընդհանրապես այն բովանդակության համար, որ կա կայքերում կամ թերթերում, լրատվամիջոցները կրում են պատասխանատվություն, սակայն, երբ որ նրանք հղում են անում ոչ հայտնի օգտատիրոջը, այդտեղ անորոշություն է սկսվում, դու որևէ մեկից չես կարողանում որևէ բան պահանջել: «Օրինակ, հայհոյանքներ են գրում: Կայքի իրավատերն այդ դեպքում պետք է պատասխանատվություն կրի մոդերացվող կայքի համար, որովհետև այնտեղ կարող են տեղ գտնել մարդկանց նկատմամբ հայհոյանքներ, զրպարտություն պարունակող տեղեկություններ, և մարդու բարի համբավին, անժանապատվությանը վնաս հասցնել: Եվ այս իրավակարգավորումը ներդնում ենք, որպեսզի այդ մտահոգությունը սպառվի»,- ասաց նա:

Ըստ Է. Մարուքյանի՝ այդ նախագիծը բնավ չի նշանակում, որ ԶԼՄ-ների նկատմամբ այդպիսով գրաքննություն է սկսվում, կամ նախագիծը սպառնում է խոսքի ազատությանը: Ի դեպ, պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում օրենքի նախագծի հետ կապված ներկայացրել է իր տեսակետը. «Հարգելի ընկերներ, ինչպես արդեն գիտեք, շրջանառության մեջ է գտնվում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհայտ օգտատերերի գրառումներին և վիրավորական կամ զրպարտչական բնույթի մեկնաբանություններին: Որպես նախագծի համահեղինակ՝ այս օրերի քննարկումների արդյունքում ուզում եմ մի քանի փաստ արձանագրեմ և հանդես գամ առաջարկությամբ:

1. Այն գաղափարները, որոնք իրացված են նախագծում, հիմնված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանի որոշումների հիման վրա: Սակայն, բոլորը չէ և միշտ չէ, որ գիտեն, թե ինչ է սահմանված այդ որոշումներում, և կարող են կամ ցանկանում են նշված վեճերը լուծել դատական կարգով: Այս առումով նախագիծը փորձ է անում ամփոփել դատական պրակտիկան և հստակ սահմանել խաղի կանոնները:

2. Ամենայն անկեղծությամբ և վստահությամբ բոլոր գործընկերների անունից կարող եմ ասել, որ որևէ միտում չկա սահմանափակել պրոֆեսիոնալ լրագրողների խոսքի ազատությունը, հակառակը՝ նրանք իրենք են այս կարգավորմամբ շահագրգիռ, որովհետև պրոֆեսիոնալ լրագրությունը իր տեղը զիջում է անհայտ գրառումների դիտումներին:

3. Նախագիծն ընդամենը դրվել է շրջանառության մեջ և մինչ ԱԺ լիագումար նիստում քննարկումը դեռ երկար ուղի ունի անցնելու: Հիմնվելով թե գործընկերներիս և թե նաև ՏՏ ոլորտի մասնագետների առաջարկների վրա, խնդրում եմ և առաջարկում եմ հատվածային քննարկումներով չշեղել նախագծի նպատակները, և բոլոր նրանց, ովքեր առաջարկներ ունեն նախագծի վերաբերյալ, ուղարկել այն ինձ կամ նախագծի համահեղինակներից որևէ մեկին: Այդ առաջարկները կհավաքվեն և այդուհետ հանրային քննարկման ժամանակ կբարձրաձայնվեն ու կքննարկվեն: Առաջիկա օրերին կլինի նաև իրազեկում այդ քննարկման օրվա, վայրի և ժամի մասին»:

Մեզ հետ զրույցում Է. Մարուքյանը նշեց, որ սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի կողմից շատ են եղել նաև իր հասցեին ուղղված վիրավորանքներ, որոնք հրապարակվել  են որոշ լրատվամիջոցների կողմից (նա որևէ լրատվամիջոցի անուն չցանկացավ նշել.- Ա.Ք.). «Ես չեմ ուզում կոնկրետ ԶԼՄ-ների անուններ տալ, բայց նման շատ դեպքեր են եղել, ու ոչ միայն ինձ հետ»: Վերջինս նշեց, որ ինքը երբևէ չի փորձել դիմել դատարան, որովհետև լրատվամիջոցներին դատի չտալու սկզբունք ունի. «Ավելին, իմ պարագան այլ է, քանի որ ես հանրային անձ եմ, ես ավելի ցածր պաշտպանվածություն ունեմ, քան մասնավոր անձինք»:

Ի դեպ, պատգամավորի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առաջարկված  քննարկմանը մասնակցում են և՛ լրատվամիջոցների ներկայացուցիչները, և՛ բլոգերները, և՛ սովորական ընթերցողները: Լրագրող Վահան Իշխանյանն օրենքի նախագծի կապակցությամբ գրել է. «Հայաստանում մարդը պաշտպանված չէ անանուն վիրավորանքներից  ու զրպարտություններից: Ինքս առնչվել եմ այս խնդրին, փաստաբաններին հորդորել եմ, որ նման նախաձեռնությամբ հանդես գան, և այժմ ողջունում եմ այն: Այս օրենքին դեմ կարող են լինել նրանք, ովքեր շահագրգռված են առանց պատասխանատվություն կրելու վարկաբեկել մարդկանց, կամ էլ նրանք, ովքեր չեն առնչվում վիրավորանքներին ու զրպարտությանը:  Կուզեի օրենսդրությունը ևս մի խնդիր լուծեր. նախկինում, երբ զրպարտությունն ու վիրավորանքը քրեական հանցանք էր, անանուն զրպարտողին հեշտ էր հայտնաբերել, ինձ հետ պատահել է, դիմել եմ Ոստիկանություն, նա գտել է վիրավորողին: Այժմ գտնելն անհնար է, քանի որ նույնականացնելու գործիքներ չունի ո՛չ լրատվամիջոցը, ո՛չ էլ անհատը (օրինակ, մեկնաբանությունների բաժնում կամ էլ-նամակով, կամ հեռախոսով անանուն, կամ կեղծանունով հայհոյանք ու զրպարտություն է լինում), և նա չի կարող դիմել Ոստիկանություն և Դատախազություն, քանի որ զրպարտությունն ու վիրավորանքն ալյևս պետության գործը չի: Առաջարկում եմ օրենսդրական լուծում գտնել, որ օգտատերը կարողանա հայտնաբերել իրեն վիրավորողին և դատական պատասխանատվության կանչել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս