Գալուստ Սահակյան. Չեք տեսնո՞ւմ, դեմքս վախեցած նստել եմ

«Չե՞ք տեսնում, դեմքս վախեցած՝ նստել եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ին շա՞տ է վախեցրել ընդդիմադիր և այլընտրանքային ուժերի սերտ համագործակցությունը, ինչի մասին Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսեց ՀԱԿ կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Գ.Սահակյանը նշեց, թե մարտիմեկյան հանրահավաքը «վերջին տարիների ամենչստացված ու չծրագրված միտինգն էր»: «Որովհետև չի կարելի ժողովրդի մի հատված հավաքել ու ասել՝ սա մերն է, առանց հակադարձելու խոսալ, ճանապարհել ու ասել, հետո երևի կհանդիպենք»,- նշեց նա: Նման գործելաոճը, Գ. Սահակյանի համոզմամբ, ոչ այլ ինչ է, քան «քաղաքական պրովոկացիա»: Նրա խոսքով՝ ժողովուրդն օգտագործվեց քաղաքական ուժի նեղ շահերի համար, ինչն, ըստ Սահակյանի, անընդունելի է, քանի որ քաղաքական ուժերն իրենք պետք է օգտագործվեն ժողովրդի կողմից: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումներին, որ Հայաստանի ճանապարհը դեպի Մաքսային միություն անշրջելի է, պարզապես, այդ ընթացքը պետք է լինի առանց նախագահ Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանը նկատեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իր գոհունակությունն էր հայտնում Մաքսային միության վերաբերյալ և մեսիջներ էր ուղղարկում այն մասին, որ ինքն էլ կարող է դա իրականացնել: Իսկ պատասխանելով այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է Իվանիշվիլի դառնալ, նա հայտարարեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է` ի՞նչ պակաս է, ես ասում եմ` մի բան էլ ավել է Գագիկ Ծառուկյանը»: Հարցին, թե ԲՀԿ-ի հետևում շարունակո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի «ականջները երևալ», նա պատասխանեց. «ԲՀԿ-ն այնպիսին է, ինչպիսին կա, ոչ պետք է հետևից նայել, ոչ դիմաց: Նա հայտարարել է իրեն այլընտրանք ու փորձում է քաղաքական դաշտում այդ ուղղվածությունն ամրապնդել: ՀԱԿ-ն էլ մտածում է, որ բավական լավ իրավիճակ է, ԲՀԿ-ի թիկնոցի տակից կկարողանա արգումենտներ շահել, հոխորտալով խոսում է, թե տեսեք՝ ինչերի կարողացանք հասնել: Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ ՀԱԿ-ի սեթևեթանքների շնորհիվ պիտի իրեն կորցնի»:

Տեսանյութեր

Լրահոս