Ինչու ՀՀԿ-ն չի հայտարարում հաջորդ նախագահի թեկնածուի անունը

Ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ցանկացած կուսակցություն, նախագահական ընտրություններին ընդառաջ, բնականաբար, պետք է ակտիվանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հայտարարում, թե ո՞վ է լինելու նախագահի՝ իր հաջորդ թեկնածուն, Սահակյանը պատասխանեց, թե դրա համար վաղ է: «Այսօրվանից պետք է ասենք հաջորդ նախագահն ո՞վ է լինելու. անպարկեշտ ենք համարում, որովհետև մեր նախագահը կա: Քննարկման դաշտն այնպիսին է, որ ժամանակը կգա՝ կքննարկենք, մենք նախագահ չենք որոնում»,- նշեց նա: Հարցին, թե չեզոքացնելո՞ւ եք ԲՀԿ-ին, նա պատասխանեց. «Մենք որևէ մեկին չենք չեզոքացնում, եթե իրենք իրենց մեջ չեն չեզոքանում, մենք մրցակցում ենք: Երբ կգա ժամանակը, ՀՀԿ-ն իր հայտարարությունը կանի»: Պատասխանելով այն հարցին, թե հանրահավաքներին մասնակցող ժողովրդի քանակը իրեն ոչինչ չի՞ ասում, նա նշեց. «Ի՞նչ, մտածում եք, թե մեր ազգը հարթ ուղեղների ա՞զգ է, մի մասը մի ձև պետք է մտածի, մի մասը՝ մի ձև: Դրա հիմնական սոցիոլոգիան ընտրություններն են: Դա կարելի է ձեռքի զենք դարձնել, ասել, թե փող են բաժանում, խարդախություն են անում, մենք էլ անընդհատ հակադարձում ենք, ասում ենք՝ տո, այ ընկերներ, էդ հանձնաժողովների մեծ մասը դուք եք, բայց էնքան ուժեղ չեն, որ վստահված անձինք չեն կարողանում դնեն: Ժողովուրդը դժգոհում է և՛ Ֆրանսիայում, և՛ Իտալիայում, ամեն տեղ դժգոհում է ժողովուրդը, բայց իշխանության են գալիս նրանք, ովքեր ընտրվում են: Հիմա դուք կասկածո՞ւմ եք, որ մենակ Գալուստ Սահակյանը չի կարող Ազատության հրապարակում հինգ հազար մարդ հավաքել, երկու օր ժամանակ ու հինգ-տասը հազար մենակ ես կհավաքեմ, որովհետև ես ամեն օր տասնյակ քաղաքացիներ եմ ընդունում»: 168.am-ի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մարդկանց չի հավաքում, Սահակյանը զարմացավ, ապա պատասխանեց. «Այսինքն իշխանությունը պիտի միտինգ գնա՞… Արդեն իշխանության միտինգը ավարտված է, նրանք անում են, որ իշխանության գան»: Նա նշեց, թե ՀՀԿ-ն ամեն օր հանդիպում է գյուղացու հետ, իսկ ընդդիմությունը միայն նախագահի պաշտոն է ուզում, գյուղապետ չի ուզում, ուստի չի հանդիպում գյուղացու հետ: «Կոնկրետ ես ամսվա մեջ ռեգիոններից եկած մարդկանց հետ եմ հանդիպում, ինձ հետ հանդիպում են իրենց դարդ ու ցավով լրագրողներ, տարբեր բժիշկներ, ու մեր օրակարգը ծանրաբեռնված է, իմ նման էլ շատերը կան»,- նշեց նա: Դիտարկմանը, թե ՀՀ նախագահը խուսափում է մարդկանց հետ հանդիպելուց, Սահակյանն այսպես արձագանքեց. «Նախագահը պիտի ամբողջ օրակարգը թողնի՞, որտեղ տասնհինգ մարդ է գնում… Եղել են դեպքեր, որ ինքը բոլորիս հետ է ուղարկել, մտել է ժողովրդի մեջ: Նախագահը բոլորի նախագահն է, բայց չի նշանակում, որ պիտի նստի իր տեղը, երկու միլիոն ժողովուրդ հերթով գան, իրենց հոգսերն ասեն»:

Տեսանյութեր

Լրահոս