Սերգո Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին:
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցութամբ, նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա ջանքերով հայ-հոլանդական հարաբերությունները, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում, կհասցվեն զարգացման նոր մակարդակի:
Դեսպան Հորբախը պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության նախարարությունների միջև կապերի սերտացմանը և նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում զարգացման մեծ հեռանկար ու ներուժ ունեն:
Այնուհետև հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրեց ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նախարարը ներկայացրեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:
Նա հատկապես կարևորեց ջերմոցային տնտեսությունների զարգացման հոլանդական առաջավոր փորձի ուսումնասիրումն ու կիրառումը մեզանում, ակնկալելով հոլանդացի մասնագետների աջակցությունը: Հիմնավորելով հարցի անհրաժեշտությունը, նախարարը ցանկություն հայտնեց այս տարի Նիդեռլանդների Թագավորությունում կազմակերպել գյուղատնտեսության հարցերին նվիրված բիզնես-ֆորում:
Դեսպան Հորբախը նշեց, որ Հոլանդիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ : 2014 թվականի ամռանը Նիդերլանդների Էկանոմիկայի նախարարությունն սկսելու է ֆինանսավորել «Մասնավոր սեկտորի նախաձեռնություն» թեմայով նոր ծրագրեր: Ուստի և պատրաստ է այդ նպատակով քննարկել ագրոպարենային ոլորտին վերաբերող ներկայացված ցանկացած ծրագիր,նշեց նա:
Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձավ նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն, նշելով. «Այդ հանգամանքը չի անդրադառնում Եվրամիության հետ մեր հարաբերությունների հեռանկարին, վերջինիս հետ մեր ծրագրերը շարունակվում են և պիտի աշխատենք ավելի խորացնել ու ընդլայնել դրանք»: