
ԱԱԽ-ն չի՞ բացառում ՀՀ-ի մասնակցությունը պատերազմին. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. Ազգային անվտանգության խորհրդից չեն պատասխանել մեր հարցմանը՝ Հայաստանը կհամաձայնի՞ մասնակցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին, եթե որպես ՀԱՊԿ անդամ գործընկեր ՀՀ-ից այդպիսի օգնություն խնդրի Ռուսաստանը։ «Այսօր (երեկ-խմբ.) ՌԴ նախագահը հայտարարել է Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունների բացառման մասին։ Սրանով ամեն ինչ ասված է»,– երեկ այսպես է պատասխանել ԱԽ քարտուղարի խոսնակը մեր նախօրեին ուղարկված հարցմանը։
Խոսքը Վ. Պուտինի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքի մասին է, թե առայժմ Ղրիմում ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտություն չկա։ «Ռուս-ուկրաինական պատերազմ չի սպասում։ Ավելին՝ ուկրաինական Ռադան ձևավորել է պատգամավորական հանձնախումբ՝ ռուս գործընկերների խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն հայտարարել է ՌԴ մեկնելու իր ցանկության մասին, ինչին դրական է արձագանքել ՌԴ նախագահը»,- ասված է պատասխանում։ Այսինքն՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմը չբացառվեր, ՀՀ–ն կմասնակցեր դրան։ Համենայնդեպս. ԱԱԽ-ից ստացված պատասխանը հակառակը պնդելու որեւէ հիմք չի տալիս,- գրում է «Հայկական Ժամանակը»։