Պիոնտկովսկի. Ռուսական ներխուժման սպառնալիքի տակ է ողջ հետխորհրդային տարածքը, այդ թվում՝ Հայաստանը. 1in.am

«Ռուսական ներխուժման սպառնալիքի տակ է ողջ հետխորհրդային տարածքը, այդ թվում՝ Հայաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ուկրաինական և ղրիմյան զարգացումներին և դրանց հնարավոր ազդեցությանը հետխորհրդային տարածքի վրա:

Անդրեյ Պիոնտկովսկին նշել է, որ Հայաստանը, փաստորեն, երջանիկ երկիր է, որտեղ չկա ռուսալեզու հասարակություն, քանի որ Ղրիմյան զարգացումները ցույց տվեցին, որ սպառնալիքի տակ է ողջ հետխորհրդային տարածքը և այն երկրները, որտեղ ապրում է ռուսալեզու հասարակություն:

«Այսօր բավական անհանգստացած են Ռուսաստանի և Պուտինի համար այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Լուկաշենկոն և Նազարբաևը, օրինակ՝ Ղազախստանի կեսը ռուսալեզու են, այս իրադարձությունները պարզ ցույց տվեցին, որ հետխորհրդային տարածքում անվտանգության համակարգ գոյություն չունի, և երկրներ ներխուժելը Պուտինը կարող է արդարացնել իր բնակչությանը պաշտպանելու պատճառաբանությամբ:

Ի դեպ, նա ասում է, որ սպառնալիքի տակ են ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիները, այլև իրենց հայրենակիցները, ուստի յուրաքանչյուր էթնիկ ռուս, նույնիսկ հանդիսանալով Ղազախստանի կամ Բելառուսի, Հայաստանի քաղաքացի, կարող է օգտագործվել՝ որպես զորք մտցնելու առիթ: Ես նույնիսկ Անգլիայի փոխարեն կանհանգստանայի, որովհետև Անգլիայում մի քանի հարյուր հազար ռուս հարուստներ են ապրում. գուցե մի հրաշալի օր Պուտինը ցանկանա պաշտպանել Անգլիայում իր հայրենակիցներին»,- ասաց Պիոնտկովսկին՝ շարունակելով, որ լավ կլիներ, եթե ոչ միայն փորձագետները, այլև հետխորհրդային երկրների ղեկավարները, որոնք լռում են, և որոնցից որևէ մեկը չարձագանքեց ուկրաինական զարգացումներին, որևէ մեկը չաջակցեց Պուտինին, բայց նրա դեմ էլ դուրս չեկավ՝ քննադատելով նրան, բարձրացնեն անվտանգության նոր համակարգի անհրաժեշտության հարցը: Ռուսաստանցի հրապարակախոսի խոսքով՝ այս անհանգստությունը կհասկանա միջազգային հանրությունը, բայց հետխորհրդային երկրները բարձրաձայն պետք է այդ մասին խոսեն և պահանջեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս