Եվրախորհրդարանի էթիկայի հանձնաժողովն սկսել է հետաքննել Ադրբեջան այցելած պատգամավորների գործը
Եվրախորհրդրանի էթիկայի հանձնաժողովն սկսել է հետաքննել ինը պատգամավորների գործը, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ, ադրբեջանական կողմի հաշվին բնակվել են շքեղ հյուրանոցներում եւ ընտրությունների վերաբերյալ ներկայացրել գրեթե նույնաբովանդակ դրական գնահատական, հաղորդում է European Voice-ը:
Նրանք հայտարարել են, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընտրվել է թափանցիկ, ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում: Նրանց ընդդիմախոսները կարծում եմ, որ եվրապատգամավորներն աջակցում են ավտորիտար իշխանություններին եւ աշխատում ընդդեմ եվրոպական սկզբունքների, թեեւ իրավական առումով ամեն ինչ ճիշտ է:
Պարզվել է, որ նշված պատգամավորները ստել են, երբ ասել են, որ սահմանված կանոններին համապատասխան են մեկնել Ադրբեջան, մինչդեռ բոլոր ծախսերը հոգացել եւ նրանց համար շքեղ պայմաններ է ապահովել ադրբեջանական կողմը:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը պատգամավորներին նամակ է ուղարկել` հիշեցնելով Եվրախորհրդարանում գործող կանոնների մասին: Հիմա նա պետք է որոշի` նախազգուշացնել կարգազանց պատգամավորներին, թե զրկել մանդատից: Շուլցի կայացրած որոշման մասին հայտնի կլինի մարտին կամ ապրիլին: