27-ամյա երիտասարդը մեղադրվում է քրոջ նախկին ամուսնուն 2 ավտոմեքենաների արանքում ճզմելով սպանելու մեջ
Առաջին ատյանի դատարան է ուղարկվել Հրազդանի 27-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործը: Ըստ քրեական գործի նյութերի՝ նա անհաշտ, լարված և թշնամական հարաբերաթյուն է ունեցել իր քրոջ նախկին ամուսնու հետ:
Ըստ մեղադրանքի՝ 2013թ. հուլիսի 7-ին, 27-ամյա երիտասարդը Հրազդան շենքերից մեկին հարակից ճանապարհին պատահաբար հանդիպել է իր քրոջ նախկին ամուսնուն: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ վերջինիս կողմից իր ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ տալու և իր վրա թքելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, երիտասարդը իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով հետևել է քրոջ նախկին ամուսնուն: Եվ տեսնելով նրան կանգնած վերջինիս ավտոմեքենայի հետնամասում, ըստ մեղադրական եզրակացության՝ կյանքից զրկելու դիտավորությամբ, մեծ արագությամբ, ավտոմեքենայի առջևի մասով հարվածել է նրան, մեքենայի ընթացքի հետ տարել առաջ, բախվել կայանած նրա «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, և 2 ավտոմեքենաների արանքում ճզմել է վերջինիս:
Քրոջ նախկին ամուսինը տեղափոխվել է «Հրազդանի Բժշկական կենտրոն», ապա Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ նույն օրը՝ ժամը 23:35-ին, գիտակցության չգալով՝ մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս): Նա կալանավորված է: Քրեական գործի որպես իրեղեն ապացույցներ կցված են քրոջ նախկին ամուսնու հագուստները՝ սպորտային վերնազգեստը և շալվարը, դեպքի վայրից վերցված մկանանման և ոսկրանման կտորները, քարի և ապակու կտորները, բամբակե խծուծների վրա վերցված արյան նմուշները, երկու ավտոմեքենաների տեխնիկական անձնագրերը, մեղադրյալի վարորդական իրավունքի վկայականը: