«Այս հերյուրանքը նպատակ ունի վարկաբեկել ոչ միայն կլինիկայի ղեկավարին, այլ նաև բարեխիղճ բժիշկներին»
Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարար պարոն Դերենիկ Դումանյանին.
«Մեծարգո պարոն նախարար.
Ի պատասխան 2014 թվականի փետրվարի 26-ին 168.am կայքում տեղադրված իբր ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների կոմից ՀՀ առողջապահության նախարարին ուղղված անանուն նամակին տեղեկացնում ենք Ձեզ, որ վերը նշված նամակը հանդիսանում է ամբողջովին հերյուրանք և բոլորիս մոտ առաջացրել է վրդովմունք, իսկ իրականությունը հետևյալն է` Ա. Հակոբյանը 1997-ից աշխատել է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում որպես տեղամասային հոգեբույժ, 2004-ից աշխատել է նույն կլինիկայում դիսպանսերային բաժանմունքի վարիչ։
Բաժանմունքի վարիչ աշխատելու ընթացքում մշտապես փոխարինել է կլինիկայի ղեկավարին նրա բացակայության ժամանակ։ 2011-ին Ա. Հակոբյանը նշանակվել է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար։ Բոլորիս համար ակնհայտ էր, որ Ա. Հակոբյանի նշանակման որոշումը ճիշտ էր և արդար։ Մեր համատեղ աշխատանքային տարիների ընթացքում Ա. Հակոբյանը ճանաչվել է որպես բանիմաց հոգեբույժ, ազնիվ, կարգապահ, կիրթ անձնավորություն, լավ ընկեր, երեք զավակների լավ մայր։ Ա. Հակոբյանը մշտապես վայելել է հարգանք ու սեր, թե՛ կոլեկտիվի, թե՛ հիվանդների, և՛ հիվանդների հարազատների կողմից։
Իր պաշտոնավարման ընթացքում Ա. Հակոբյանը դրսևորել է իրեն նաև որպես հմուտ, խիստ, միևնույն ժամանակ, րդար ղեկավար, որը մշտապես մտահոգ է ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության բարձր որակի և կլինիկայի բնականոն գործունեության ապահովմամբ։ Համոզված ենք, որ այս հերյուրանքը նպատակ ունի վարկաբեկել ոչ միայն կլինիկայի ղեկավարին, այլ նաև բարեխիղճ բժիշկներին, ովքեր կատարել են իրենց ղեկավարի օրինական և արդար պահանջները։ Վստահ ենք, որ այս «ակցիան» կազմակերպել են մեկ-երկու անբարեխիղճ, անազնիվ, անբարոյական բուժաշխատողներ, ովքեր զլանում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց»:
ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկներ