Պոլիկլինիկաներում համավճար կկիրառվի հուլիսի 1-ից

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։

Այս ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ, կնախապատրաստվեն առաջնային օղակի բուժաշխատողները։

Նախարարությունը ևս մեկ անգամ հանգամանալից կվերլուծի ներդրվող համակարգը, որպեսզի այն որևէ կերպ չանդրադառնա ոչ միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներն, այլև բոլոր ոչ վճարունակ շահառուներին։

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ համավճարի ներդրումը նպատակ ունի նպաստել պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Հավաքագրված միջոցները կուղղվեն նաև լաբորատորիաների հագեցմանը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հետազոտությունների որակն ու ծավալները և դրանք առավել մրցունակ դարձնել։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս