
Ուկրաինան առաջարկել է գումարել ՄԱԿ ԱԽ-ի նիստ՝ կապված Ղրիմի դեպքերի հետ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր աջակցել է Բուդապեշտյան հուշագիրը ստորագրած երաշխավոր երկրներին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) դիմելու մասին հայտարարությունը՝ կապված Ղրիմի վերջին զարգացումների հետ:
Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 230 պատգամավոր: Դրանում Գերագույն ռադան Ռուսաստանից պահանջել է դադարեցնել այն քայլերը, որոնք ունեն Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության ցուցիչներ:
Գերագույն ռադան ընդգծել է, որ պաշտպանված են Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող, ազգությամբ ռուսների քաղաքացիական բոլոր իրավունքները: Ուկրաինացի պատգամավորները Բուդապեշտյան հուշագրի երաշխավոր երկրներից պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել՝ հաստատելու համար Ուկրաինայի տարածքային ամբողջականության անխախտությունը:
Պատգամավորները պահանջել են, որ երաշխավոր երկրներն աջակցեն ՄԱԿ ԱԽ-ի կողմից Ուկրաինայի տարբեր շրջաններում դիտարկում անցկացնելը, ինչը մասնավորապես վերաբերում է Ղրիմին: Եթե այնտեղ իրավիճակն ավելի սրվի, ապա ՄԱԿ ԱԽ-ը պետք է ձեռնարկի անհապաղ գործողություններ:
Նշվում է, որ Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ՝ կապված Ղրիմի դեպքերի հետ: