Բաժիններ՝

Գարեգին Բ-ն ընդունել է Վրաստանի նախագահին և խոսել վիրահայոց թեմի խնդիրներից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ փետրվարի 28-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին եւ խոսել Վիրահայոց թեմի եւ հայ համայնքի եկեղեցական հարցերի մասին:

Վրաստանի նախագահին ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Գարեգին Բ-ն ուրախություն հայտնեց երկու երկրների միջեւ առկա համագործակցության առիթով եւ շեշտեց, որ նման փոխայցելություններն ավելի են նպաստում երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների զորացմանը: Կաթողիկոսն ընդգծեց միեւնույն տարածաշրջանում կողք կողքի ապրող երկու հավատակից ժողովուրդների փոխադարձ զորակցության եւ եղբայրության ամրապնդման կարեւորությունը, ինչին մշտապես ուղղված են եղել Հայ Եկեղեցու ջանքերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին եւ նրա պատմական ու ներկայիս մեծ ներդրումին եւ դերակատարությանը երկրի տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում: Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի եւ հայ համայնքի եկեղեցական հարցերի կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում սկսված դրական գործընթացների կապակցությամբ եւ վստահություն արտահայտեց, որ դրանք կառաջնորդեն հայորդիների հոգեւոր կյանքի խնդիրների ամբողջական լուծմանը:

Վերջում Նորին Սրբությունն արդյունավոր գործունեություն մաղթեց Գիորգի Մարգվելաշվիլիին` ի բարօրություն Վրաստանի եւ նրա հավատավոր ժողովրդի:

Հանդիպումից հետո Վրաստանի նախագահն այցելեց նաեւ Մայր Տաճար, եղավ Տաճարի ավանդատուն-թանգարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս