Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը պահանջագիր է ներկայացրել Ադրբեջանի դեսպանատուն

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբն այսօր՝ փետրվարի 27-ին հանրահավաք և բողոքի ցույց էր կազմակերպել Հաագայում գտնվող Ադրբեջանի դեսպանության առջև: Ցույցը նվիրված էր 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակաին և ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը Արցախի հարցում:

Հոլանդիայի բոլոր նահանգներից հարյուրի հասնող ցուցարարներ Հաագա էին եկել և չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին բողոքի հզոր ցույց անկացրեցին: Ելույթ ունեցան նաև ՀՅԴ ՆԵՄ «Գարեգին Նժդեհ»-ի անդամները և դատապարտեցին Ադրբեջանի նենգ քաղաքականությունը պատմությունը կեղծելու և սեփական ժողովրդին և աշխարհին մոլորության մեջ գցելու փորձերը:

Հայ Դատի հանձնախմբի կողմից նախօրոք դիմում էր կատարվել Ադրբեջանի դեսպանություն պահանջագիր ներկայացնելու համար, սակայն այն մնացել էր անպատասխան: Ցուցարարների և ողջ հոլանդահայության անունից պահանջագիրը ընթերցվեց և ներտվեց դեսպանության փոտարկղը:

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյան

Նիդեռլանդների Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի հանձնախումբ
Հաագայում Ադրբեջանի հանրապետության դեսպան, պարոն՝ Միր Համզա Էֆենդիևին

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
Մեծարգո պարոն դեսպան
Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հոլանդահայության անունից ձեզ է ներկայացնում հետևյալ պահանջագիրը.

ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
1. Արցախի հայ ազգաբնակչությունը հազարամյակներ շարունակ ապրել և արարել է Արցախ աշխարհում և այդ երկրամասի լիարժեք իրավատերն է: Դրա վառ ապացույցներն են հազարամյա պատմական կոթողներն ու հուշարձանները, որոնք չնայած ասպատակումների դեռ մեծ թվով կանգուն են և նշմարելի Արցախի յուրաքանչյուր հատվածում:
2. Որպես անկախ և ինքնավար պետություն Արցախը սակայն պատմության ընթացքում չի ստացել իր իրավական կարգավիճակը և միշտ գտնվել է  տարբեր զավթիչների տիրապետության տակ: Այդուհանդերձ պահպանել է իր գերակշռող հայ ազգաբնակչությունը և բոլոր ժամանակներում եղել է հայկական տարածք՝ հատկապես իր բնակչության կազմով:
3. Վերջին պատմական զավթիչը խորհրդային բռնապետությունն էր, որը հայ և ադրբեջանցի ժողովուրդների մեջ թշնամանք առաջացնելու և բորբոքելու հստակ միտումով ստալինյան խայտառակ հրամանագրով Արցախը բռնակցեց Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը:
4. Ինչպես երբեք, այս անգամ էլ Արցախի ազատասեր ժողովուրդը չհաշտվեց նման անարդարության հետ և տարիներ շարունակ պայքարելով վերջապես արտահայտեց իր կամքը՝ ինքնավար, ազատ և անկախ ապրելու համար:
5. Ադրբեջանի կառավարությունը ըմբռնումով մոտենալու փոխարեն Արցախի ժողովրդի արդար պահանջին, գնաց խնդիրը արյունահեղ հակամարտության վերածելու ճանապարհով և 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Սումգայիթում հարյուրավոր հայ քաղաքացիների սպանդի ենթարկելով փորձեց խեղդել արցախահայության ազատատենչ ոգին: Չլիներ այս արյունահեղությունը, հնարավոր էր թերևս խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել: Սակայն այս սպանդով սկիզբը դրվեց ատելության և թշնամանքի, որը վերածվեց ահեղ պատերազմի:
6. Հետագա տարիներին Ադրբեջանը չհրաժարվեց իր հարձակողական քաղաքականությունից և փորձեց ուժի և բռնության միջոցներով ճշնել արցախահայության ազատ կամքի արտահայտության իրավունքը: Այս կեցվածքը հանգեցրեց դաժան պատերազմի երկու հարևան ազգերի միջև և տասնյակ հազարավոր զոհերի պատճառ դարձավ երկու կողմերից:
7. 1994 թվականին կնքված հրադադարի միջոցով տիրում է համեմատական խաղաղություն, որը սակայն մշտապես խախտվում է Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններով և մարդասպան դիպուկահարների դավադիր սպանություններով, որոնք խափանում են հարատև և կայուն խաղաղության ստեղծման գործընթացը:
8.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չնայած Ադրբեջանի ռազմատենչությանը քսան տարիների ընթացքում վերածվել է կայացած մի պետության և կայուն քայլեր է կատարում ժողովրդավար և իրավական պետության ստեղծման ճանապարհին:
9. Ադրբեջանի ներկայիս իշխանությունները որդեգրել են խիստ  ոչկառուցողական դիրքորոշում և սպառազինությունների մրցավազքով և հայատյաց քարոզչությամբ սեփական ժողովրդին մոլորության մեջ են գցում նոր պատերազմի ծրագրերով:
Ելնելով վերոհիշյալից այսօր մենք ողջ հոլանդահայության անունից ձեզ ենք ներկայացնում հետևյալ պահանջները.

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
1. Անմիջապես դադարեցրեք բռնությունների և ուժի բոլոր տեսակի դրսևորումները և խնայեք ո՛չ միայն հայ զինվորների կյանքը, այլ նաև ձեր սեփական զինվորներինը, քանի որ յուրաքանչյուր ռազմական գործողություն ստանում է իր համարժեք պատասխանը և երիտասարդ կյանքներ են ոչնչանում:
2.  Ճանաչե՛ք և հարգե՛ք Արցախի ժողովրդի ազատ, անկախ և ինքնուրույն ապրելու իրավունքը և բանակցություններ սկսեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ:
3. Դադարեցրեք հայատյաց քաղաքականությունը ամբողջ աշխարհում և մի գցեք ձեր ժողովրդին մոլորության մեջ՝ նրանց սնելով պատերազմը վերսկսելու մոլուցքով: Պատերազմի վերսկսումը առաջին հերթին մեծագույն ողբերգություն կլինի հենց Ադրբեջանի ժողովրդի համար:
4. Փորձեք հարևան ժողովրդների միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հիմքեր դնել և ոչ թե նոր պատերազմներ սանձազերձել:
Սույն պահանջագիրը ողջ հոլանդահայության անունից հանձնվում է ձեզ 2014 թվականի փետրվարի 27-ին տեղի ունեցած հանրահավաքի արդյունքում:

ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախումբ
27 փետրվարի 2014 թ.   

Տեսանյութեր

Լրահոս