Բաժիններ՝

Փաստաբանների պալատը՝ Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստում տեղի ունեցած միջադեպի մասին

«ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ, իսկ վերջինիս գործունեությունը բնութագրվում է, որպես՝ արդարադատությանը խոչընդոտող։

Իրականությունը սակայն այլ է. քրեական գործերով փաստաբանը, իր մասնագիտական գործունեությամբ, ընդդիմանալով իշխանություն կիրառելու լայն հնարավորությամբ օժտված մեղադրանքի կողմին, պայմաններ է ստեղծում դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու համար։ Մեղադրյալի պաշտպանությունը պատշաճ ապահովելով, դատարանը հնարավորություն է ունենում օբյեկտիվորեն գնահատելու մեղադրյալի արարքը և պատասխանատվության ենթարկելու ժամանակ առավելագույնս բացառելու դատական սխալը, որը կարող է մարդկանց ճակատագրերի վրա ազդել։

Բնական է, որ մեղադրանքի կողմին (այդ թվում՝ տուժողին) հաճելի չի լինի մեղադրյալի օգտին փաստաբանի կողմից իրականացվող գործողությունները, և հակառակը՝ մեղադրյալին հաճելի չի լինի մեղադրանքի կողմի (այդ թվում՝ տուժողի) ի վնաս իրեն կատարվող գործողությունները, սակայն դրանում է կայանում մրցակցային դատավարությունը։

Պետք չէ մոռանալ Մատաղիսի գործը, որով մի քանի երիտասարդներ ցմահ ազատազրկման էին դատապարտվել, կամ Արմեն Պողոսյանի գործը, որով նա 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել (5 և կես տարի էլ պատիժը կրել էր), և այս գործերով մեղադրանքի կողմի ներկայացուցիչները և դատարանները սխալվել էին։

Այս օրինակները ցույց են տալիս, որ համակարգը կարող է սխալվել (սխալվում են նաև զարգացած երկրների համակարգերը), հետևաբար չի կարելի պաշտպանության կողմի դերակատարումը նսեմացնել։ Համոզված եմ, որ ցանկացած տուժողի համար կարևոր է, որ պատասխանատվություն կրի հենց մեղավոր անձը և ոչ թե այլ անձ, իսկ սրան հասնելու համար պետք է հարգել մրցակցության սկզբունքը։

ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ դատական նիստի ներկա գտնվող անձանց կողմից Երեմ Սարգսյանին և Վաղինակ Գևորգյանին վիրավորելու վարքագիծը։

ՀՀ փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնում առ այն, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավարության պատշաճ պայմաններ և դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովում։

Միաժամանակ հասկանալով որդեկորույս ծնողների վիշտը ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է իր զորակցությունը և խնդրում ու կոչ է անում կողմերին տուրք չտալ հույզերին և զգացմունքայնությանը:

Հարկ է հիշեցնել, որ Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդին անվճար հիմունքներով փաստաբան է տրամադրել ՀՀ փաստաբանների պալատը»։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս