Կոստանյանը չի լսել և «չի պատրաստվում լսել» Գագիկ Ծառուկյանի ելույթը (տեսանյութ). «Ազատություն»

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ում ստուգումներ իրականացնելը բացատրում է հարուցված երկու քրեական գործերով, որոնք վերաբերում են Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների չարաշահմանը։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ քննչական գործողությունների շրջանակներում  զննություն իրականացվում է ոչ միայն «Արարատցեմենտ»-ում, այլ նաև 100-ից ավելի այլ կազմակերպություններում, և դա կապ չունի Գագիկ Ծառուկյանի, առավել ևս՝ ԲՀԿ համագումարի հետ։

Հիշեցնենք, «Արարատցեմենտ»-ում ստուգումներ սկսվեցին և գործարանին ու չորս գյուղերի ջուր մատակարարող պոմպակայանը մեկ օրով փակվեց կուսակցության փետրվարի 15-ի համագումարից մի քանի օր անց։  «Բարգավաճ Հայաստան»-ում համոզված են, որ այսպիսով Գագիկ Ծառուկյանին ճնշելու փորձեր են արվում համագումարում երկրի տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը «անպտուղ» որակելու և քաղաքական ուժերին միավորելու կոչ հնչեցնելու համար։

«Ես այդ ելույթները ճիշտն ասած՝ չեմ լսել, չեմ էլ պատրաստվում լսել, որովհետև ինձ համար դրանք տվյալ քրեական գործի շրջանակներում և ընդհանրապես մեծ կարևորություն չեն ներկայացնում», – «Ազատության» դիտարկմանն ի պատասխան ասաց Գլխավոր դատախազը:

«Բոլոր կազմակերպություններում անխտիր, կլինի դա ձկնաբուծարան, կլինի դա գործարան, որն այլ տնտեսական գործունեություն է իրականացնում, կլինի դա խոշոր ջրօգտագործող՝ անկախ գործունեության տեսակից, ցանկացած տնտեսական գործունեության տեսակ, որն իր հիմքում ունի ջրօգտագործման մեծ ծավալներ, այս քրեական գործի շրջանակներում քննարկվելու է իրենց ջրօգտագործման հարցը»։

Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է՝ «2-2,5 ամիս առաջ»։ «Ազատության» հարցին, թե այդ դեպքում  ինչո՞ւ են հենց հիմա սկսվել այդ ստուգումները, Գլխավոր դատախազը հակադարձել է. «Իսկ ո՞վ է ասում նոր են սկսվել… Նոր չի սկսվել, այդ ստուգումներն արդեն շուրջ ամիսուկես է  ընթանում են: Անմիջապես քրեական գործի հարուցումից հետո ստուգումներ են սկսվել»։

Դիտարկմանը, թե Ծառուկյանի թիմը համոզված է, որ ճնշում է սկսվել նրա նկատմամբ, Կոստանյանն արձագանքել է. «Ես չգիտեմ ինչու է համոզված, դա ճնշում չի։ Եթե հարուցված քրեական գործով զննություն պետք է անցկացվի ու անցկացվում է, և  դա դիտվում է ճնշում, ես այստեղ անկեղծորեն ոչ մի հիմնավորում չեմ տեսնում։ Այստեղ ընդամենը խոսքը գնում է քննչական գործողություններ կատարելու մասին։ Որևէ մեկին մեղադրանք դեռևս առաջադրված չէ այդ գործով, կասկածյալներ ներգրավված չեն, իրականացվում են քննչական գործողություններ։ Եվ իրականացվելու են, անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս