Վլադիմիր Գասպարյան. Ոստիկանությունն այսուհետև էլ կլինի «Ոսկե ծիրան»-ի կողքին (ֆոտոշարք)
Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանին, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փոխտնօրեններ Վարդան Հակոբյանին և Արամ Խաչատրյանին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները: Հյուրերին շնորհավորելով միջազգային համբավ և հեղինակություն վայելող փառատոնի տասնամյա հոբելյանի առթիվ, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանային ամենախոշոր մշակութային միջոցառումների օրերին ոստիկանությունն այսուհետև էլ կլինի «Ոսկե ծիրան»-ի կողքին` առաջին հերթին որպես մասնակիցների անվտանգությունն ապահովող, ապա նաև մշակույթ սիրող կառույց:
Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը «Ոսկե ծիրան»-ի անձնակազմի և տնօրինության անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետին` փառատոնին մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար, նշեց, որ հոբելյանական տարվա շրջանակներում «Ոսկե ծիրան»-ը մեդալներ և պատվոգրեր է նախատեսել իր հավատարիմ գործընկերոջ` ՀՀ ոստիկանության համար:
Հոբելյանական պարգևներով պարգևատրվեցին ոստիկանության զորքերի նվագախմբի ծառայության պետ Արթուր Աբելյանը, դիրիժոր Հակոբ Սաֆարյանը, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության տնտեսության վարչության ավտոտնտեսության մի շարք ծառայողներ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր` «Մանթաշյանի ասպետ» շքանշանով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանություն