Բաժիններ՝

Աջակցելու են բնակարանային կարիքի մեջ գտնվող ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» և Արցախի Հանրապետության կառավարությունը համագործակցում են բնակարանային կարիքի մեջ գտնվող ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ և մատչելի տներով ապահովելու համար:

«Ծանոթանալով Հայաստանի Հանրապետությունում «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» գործունեությանը և սկզբունքներին՝ սիրով հրավիրեցի նրանց աշխատելու Արցախում՝ մեր ընտանիքների կայուն կենսակերպը բարելավելու նպատակով: Կարող եմ հավաստել, որ մեր կառավարությունը պատրաստ է կազմակերպչական առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման համար: Ուստի, կոչ եմ անում բոլոր դոնորներին հնարավորինս աջակցել «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» արցախյան ծրագրին՝ հնարավորություն տալով մեզ իրագործել նախատեսված տնաշինական աշխատանքները»,- ասաց Արցախի Հանրապետության վարչապետ պրն. Արա Հարությունյանը:

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» մի քանի անգամ փորձել է ընդլայնել իր ծրագրերն Արցախում, սակայն մի շարք խոչընդոտների պատճառով այն չի իրագործվել:  2013-ի օգոստոսին Արցախի Հանրապետության վարչապետի օգնական Արտակ Բեգլարյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ծրագրերի զարգացման տնօրեն Գոհար Պալյանը, պատահաբար ընդգրկված լինելով նույն արշավախմբի մեջ, միասին բարձրացան բիբլիական Արարատ լեռը (5165 մ), և գագաթին ծածանեցին Հայկական եռագույնը, Արցախի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» դրոշները:  Հենց այստեղ էլ, Սուրբ Լեռան լանջերին նորից կենդանացան Արցախում «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ծրագրերի իրականացման մասին քննարկումները:

«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» պատրաստ է անօթևան և կարիքավոր ընտանիքներին աջակցելու իր տարիների աշխատանքային փորձը կառավարության աջակցությամբ ներդնել Արցախում:  Նպատակը կազմակերպության հաջող բնակարանային մոդելը և կառուցման փորձը նոր տարածաշրջանում ընդլայնելն է:

«Բնակարանի կարիքն Արցախում մեծ է, և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելը, իրենց երեխաներին մատչելի բնակարաններով ապահովելը ոչ միայն մարդասիրական, այլ նաև մեծ ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի»  նախագահ պրն. Աշոտ Եղիազարյանը:

Կազմակերպությունն արդեն սկսել է միջոցներ հայթայթել Արցախում բնակարանաշինության համար: Առաջին տան հովանավորներն են պրն. և տիկին Մինակյանները և պրն. Հ. Քենդենը:

A view from Berdzor, ArtsakhԲոլոր հետաքրքրված անձինք կարող են մասնակցել «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի»  Արցախյան ծրագրին: Կիսակառույցի ավարտելու համար անհրաժեշտ է $10,500 իսկ վերանորոգման ծրագրի համար` $2,900: ԱՄՆ-ից արվող նվիրատվությունները կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝  The Fuller Center for Housing, Inc., PO Box 523, Americus, Georgia 31709, USA: Անպայման չեկի վրա նշե՛ք “Armenia-Artsakh”: Առ ցանց նվիրատվությունների համար այցելե՛ք http://weblink.donorperfect.com/armenia_artsakh.

Հայաստանում նվիրատվություններ կարող են արվել հետևյալ բանկային համարով՝

Ֆուլեր Տնաշինական Կենտրոն

 Ամերիա Բանկ ՓԲԸ

հ/հ 1570005330400100

կամ գրասենյակում`Երևան, Սարմենի փողոց 96՝ անպայման նշելով Արցախը որպես նպատակ:

«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Փոխառություններն օգտագործվում են նոր ընտանիքների աջակցելու համար՝ դառնալով ֆինանսական կայունության հիմք: Առ այսօր կազմակերպությունն օգնել է  278 ընտանիքների կառուցելու և վերանորոգելու իրենց բնակարանները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝  www.fullercenterarmenia.org. կամ դիմել [email protected] էլ հասցեով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս