Բաժիններ՝

Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ. Ինչպե՞ս է այն կազմակերպվելու

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ սքրինինգ ծրագրեր իրականացնել։

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ղեկավար Նելսոն Զուլոյանը: Ըստ նրա, զանգվածային սքրինինգներն ուղղված են ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը, իսկ ծրագրերի հեռահար նպատակն է նաև հիվանդացության և մահացության նվազեցումը:
«Այս սքրինինգներն աննախադեպ են Հայաստանի Հանրապետությունում, որովհետև թե՛ մասնակցության և թե՛ հիվանդությունների առումով շատ մեծ ծավալ պետք է ընդգրկեն»,- ասում է պարոն Զուլոյանը:

Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին կմեկնարկի ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ սքրինինգ ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգը: ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է վերոնշյալ սքրինինգ հետազոտություններում ընդգրկել ողջ հանրապետության 30-60 տարեկան կանանց: Հետազոտությունը կատարվելու է Պապ թեստի միջոցով և, եթե այդ թեստի մեջ ինչ-որ շեղում հայտնաբերվի, դա դեռ չի նշանակում, որ կինն այդ պահին արդեն ունի քաղցկեղ, բայց նա ունի մեծ ռիսկ` առաջիկա 10 տարիների ընթացքում այն ունենալու` ինչը նշանակում է, որ կինը պետք է լինի բժիշկների շարունակական հսկողության տակ: Վաղ հայտնաբերման դեպքում արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելի է, և հնարավոր է կնոջը լիովին բուժել:

Մեզ հետ զրույցում վստահեցնում է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Մոնիտորինգի և գնահատման բաժնի մասնագետ Մարիաննա Կոշկակարյանը: Նրա տվյալներով` վերջին տասնամյակի ընթացքում աշխարհի մի շարք զարգացող երկրների փորձը ցույց է տվել, որ ճիշտ կազմակերպված սքրինինգային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի թիվն ու մահացությունն 80 տոկոսով:

«Այն զարգանում է շատ դանդաղ, 5-10 տարվա ընթացքում, ինչը մեզ հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել սքրինինգային հետազոտությունները և հայտնաբերել հիվանդությունը քաղցկեղի զարգացումից շատ ավելի շուտ, և լիովին այն կանխարգելել ու բուժել»,- ասում է Մ. Կոշկակարյանը: Ըստ նրա` արգանդի պարանոցի քաղցկեղը մեր երկրում ամենատարածված կանացի քաղցկեղային հիվանդություններից է, և այն հիմնականում հանդիպում է միջին տարիքի` 35-55 տարեկան կանանց մոտ:

«Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ներկայացրած վիճակագրության համաձայն` նոր դեպքերի 57 %-ը հայտնաբերվում են հիվանդության արդեն իսկ 3-րդ, 4-րդ զարգացման փուլերում, երբ ապրելիության ցուցանիշները ցածր են: Մ. Կոշկակարյանը, վկայակոչելով Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալները` ասաց, որ 2012 թվականին 25 տարեկանից բարձր կանանց շրջանում գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 260 նոր դեպք, իսկ 2012 թ. մահացության ցուցանիշը կազմել է 154 մահ: Երկիրը, որն ունի ամենացածր հաճախականությունն այս հիվանդության՝ Ֆինլանդիան է, որտեղ արձանագրվում է 1 դեպք՝ 100 հազար կին բնակչի հաշվով:

Ֆինլանդիայի կանխարգելման փորձը, Մ. Կոշկակարյանի վստահեցմամբ, համարվում է աշխարհում ամենաարդյունավետներից մեկը: Իսկ այդ փորձը նաև ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է այդ տարիքային խմբի կանանց ամենաքիչը 50 տոկոս ընդգրկվածություն ապահովել:

Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ ծրագիրը եռամյա է և բաղկացած է մի քանի փուլերից: Հանրային իրազեկում՝ ԶԼՄ-ների, գովազդային հոլովակների և այլ տեղեկատվական նյութերի միջոցով, հանրապետության փորձառու, գլխավոր մասնագետների կարծիքների ներառմամբ ազգային ուղեցույցների մշակում, որոնք հիմնված կլինեն ապացուցողական բժշկության նորագույն տվյալների վրա:

Ծրագրի գլխավոր բաղադրիչներից է նաև առողջապահության առաջնային օղակում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, բջջաբանների կարճաժամկետ դասընթացները: Ըստ Մ. Կոշկակարյանի` առաջնային օղակի մասնագետները պետք է վերապատրաստվեն Պապ թեստի իրականացման, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և վարման գործընթացի վերաբերյալ:

Մեր զրուցակցի ներկայացմամբ` Պապ թեստը ցիտոլոգիական հետազոտություն է, որի ժամանակ հնարավոր է հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները և այն հայտնաբերելուց հետո՝ լիովին բուժել. «Քանի որ հիվանդությունը հիմնականում զարգանում է 30 տարեկանից բարձր կանանց շրջանում, և քաղցկեղի զարգացումը տեղի է ունենում շատ դանդաղ՝ 5-10 տարվա ընթացքում, այդ իսկ պատճառով նպատակահարմար է ընդգրկել 30-60 տարիքի կանանց, իսկ հետազոտման հաճախականությունը՝ երեք տարին մեկ անգամ, քանի որ երեք տարին մեկ անգամ իրականացվող սքրինինգը նույնքան արդյունավետ է, որքան ամեն տարի` նվազեցնելով հիվանդության ռիսկը գրեթե նույն տոկոսով»:

Սքրինինգ հետազոտություններն իրականացվելու են առողջության առաջնային պահպանման օղակում՝ բժշկական ամբուլատորիաներում, առողջության կենտրոններում` ընտանեկան բժիշկների, իսկ պոլիկլինիկաներում/բժշկական կենտրոններում, որտեղ առկա են կանանց կոնսուլտացիաներ` մանկաբարձ-գինեկոլոգների մասնակցությամբ:

Իսկ այն բնակավայրերում, օրինակ` գյուղական, որտեղ Պապ թեստի իրականացումը հնարավոր չէ, սքրինինգն իրականացվելու է տարածաշրջանային սկզբունքով, այսինքն՝ կանանց կոնսուլտացիայի կողմից կցված մանկաբարձ-գինեկոլոգի կողմից: Նշենք, որ բժիշկների արդյունավետ աշխատանքի համար նախարարությունը խրախուսական վարձատրություն է նախատեսել: Խրախուսվելու են այն բժիշկները, որոնք սքրինինգի իրականացման ընթացքում կհատեն սահմանված շեմի նվազագույն սահմանը՝ կանանց 50 տոկոս ընդգրկվածությունը:

Մարիաննա Կոշկակարյանը հայտնում է, որ այդ հետազոտությունն անվճար է, և կանանց կոչ է անում` անպայման հետազոտվել, քանի որ նախաքաղցկեղային վիճակում կնոջ մոտ հիվանդության ոչ մի կլինիկական արտահայտումներ չեն լինում, և կինն իրեն պրակտիկորեն առողջ է զգում: Սակայն հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում այն լիովին կանխարգելվում և բուժվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս