Մանրամասներ` ԴԱՀԿ-ի խախտման վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնել փետրվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության կապակցությամբ, սակայն, այդուհանդերձ, չի ներկայացրել և ոչ մի հակափաստարկ հրապարակված նյութի վերաբերյալ: Ստիպված ենք ավելի ծավալուն և մանրակրկիտ ներկայացնել ԴԱՀԿ-ի խախտումը:
ԴԱՀԿ-ն չի իրականացրել օրենքով սահմանված իր հետևյալ պարտականությունները: Պահանջատերը, տեղեկացված չի եղել գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին, այնինչ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը նախատեսում է, որ գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը: Բացի այդ, գույքագրված գույքը համապատասխան ստացականով պարտատիրոջը կամ որևէ մեկին առհասարակ ի պահ չի հանձնվել, այնինչ այս պահանջի կատարումը ևս նախատեսվում է օրենքով: Ինչ վերաբերում է գույքի ուղղակի վաճառին, պարզվում է, որ այդ մասին որոշումը կայացվել է գույքագրումից յոթ ամիս անց, երբ արգելադրված գույքն արդեն գոյություն չի ունեցել, քանի որ այն գողացել են, այնինչ օրենքով սահմանված է, որ ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացվում է հենց գույքագրման ժամանակ: