ՀՀԿ վերնախավում քննարկվում է պարտադիր կուտակայինը 1 տարով հետաձգելու հարցը. «ՀԺ»

«ՀԺ»-ն երեկ տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ վերնախավում քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը։ «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ չնայած դրանք ընդամենը քննարկումներ են և վերջնական որոշում առայժմ չկա, այդուհանդերձ քննարկամները գնալով ավելի են լրջանում, ինչը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններով։ Պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու առաջարկի հեղինակները դա պայմանավորել են նրանով, որ ՀՀ բնակչության դժգոհությունները գործող իշխանությունից առանց այդ էլ խորն են, և դժգոհության մի նոր ՝ լրացուցիչ առիթ ստեղծել պետք չէ։ Եվ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, թե ինչ Ճակատագիր է սպառնում իշխանությանը համաժողովրդական ընդվզումների արդյունքում։Այլ կերպ ասած, իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ մտավախություններ կան, որ առկա դժգոհությունների պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչը կարող է դառնալ այն կայծը, որը Սերժ Սարգսյանին կտանի Յանուկովիչի «հետքերով»։ «ՀԺ»-ն նշում է, որ իշխանական վերնախավում արդեն իսկ պատկերացում ունեն, թե ինչպիսի տրամադրություններ կան հանրության շրջանում կուտակային այս համակարգի նկատմամբ։ Վերջերս անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստովանել, որ բնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային բաղադրիչին։ Մյուս կողմից, սակայն, գործող իշխանությունը խիստ շահագրգռված է կուտակային պարտադիր բաղադրիչով, քանի որ դրանով ակնկալում է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարի լրացուցիչ փող հավաքել և տարբեր մեխանիզմներով այն ծառայեցնել բյուջեի բազմաթիվ «ծակուծուկերի» փակմանը։

Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս