Ինչ է պետք Հայաստանին իշխանափոխության համար

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե որո՞նք են Ուկրաինայի դասերը Հայաստանի համար, կարծիք հայտնեց, թե Հայաստանի համար դասեր չկան, քանի որ Հայաստանը բոլոր գործոններով տարբերվում Ուկրաինայից:

Մեր ճշտմանը, թե այսինքն՝ Հայաստանին իշխանափոխություն պետք չէ՞, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ Հայաստանին, իհարկե, պետք է իշխանափոխություն, բայց այն Հայաստանում չի լինի այնպես, ինչպես եղավ Ուկրաինայում:

«Չէ, Հայաստանին, իհարկե, պետք է իշխանափոխություն, և ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհի շատ այլ ոչ ժողովրդավարական երկրներին: Բայց Հայաստանի իշխանափոխությունը չի կատարվելու այնպես, ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայում: Հայաստանում իշխանափոխության համար պետք է չորս գործոն, առաջինը պետք է, որ հասարակությունն իր ապագան այս երկրի հետ կապի, իսկ մենք դա չենք տեսնում, դա ցույց է տալիս արտագաղթի մեծ ցուցանիշը: Երկրորդը` Հայաստանին պետք է Ուկրաինայի «Աջ սեկտորի» նման կազմակերպված մի կառույց, որը կկարողանա իրականացնել մարտական գործողությունները, երրորդը` պետք է արտաքին աջակցություն, որովհետև պետք է հասկանանք` ճիշտ է, այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ներքին պատճառները շատ էին, բայց, եթե արտաքին աջակցություն չլիներ, այդ արդյունքը չէր լինի: Իսկ մենք տեսնում էինք գոնե Արևմուտքի բացահայտ աջակցությունը ընդդիմադիրներին, ինչը չեղավ Հայաստանում և մինչև հիմա էլ չկա: Եվ չորրորդը` պետք է փող, որովհետև գիտենք, որ Մայդանը նաև ֆինանսավորել են օլիգարխները: Այսինքն` պետք են չորս գործոններ` հասարակության աջակցություն, կռվող ուժ, արտաքին աջակցություն և փող: Սրանցից ոչ մեկը Հայաստանում չկա»,- նշեց փորձագետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս