
Հայաստանի բրենդը պետք է մշակվի ապագայի տեսլականի հիման վրա. Վազգեն Քալաջյան. mediamax.am

GK Brand ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանն այսօր ասել է, որ Հայաստանի ազգային բրենդը պետք է մշակվի երկրի ապագայի տեսլականի հիման վրա, հաղորդում է Մեդիամաքս-ը: Նախորդ շաբաթ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամըփաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ: Ամերիկյան ընկերությունը հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում պետք է ներկայացնի երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարությունը:
Այսօր Վազգեն Քալաջյանը լրագրողներին ներկայացրել է ազգային բրենդի մշակման մեթոդաբանությունը:
«Բրենդի մշակման համար կարեւոր է հասկանալ, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան եւ ինչպես են այսօր մարդիկ ընկալում Հայաստանը: Ապագայի տեսլականի հիման վրա էլ պետք է մշակվի երկրի ազգային բրենդը»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը:
Նրա խոսքերով, Հայաստանը բրենդավորման համաշխարհային ինդեքսում այժմ զբաղեցնում է 137-րդ հորիզոնականը, մինչդեռ այս ցուցանիշի բարելավումը էական ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման հետագա ընթացքի վրա:
«Բրենդավորման ինդեքսում առաջատար լինելու համար պարտադիր չէ, որպեսզի պետությունը տարածքով մեծ լինի, ունենա նավթամթերքի պաշարներ կամ նավահանգիստներ: Հայաստանն ունի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգություն, եւ մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին մշակութային իր հարստությունը աշխարհին փոխանցելու, տնտեսական ներուժը խթանելու, երկրի հեղինակությունը տարածաշրջանում եւ աշխարհում բարձրացնելու գործում»,- ասել է Վազգեն Քալաջյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: