Յուրի Վարդանյան. Մինչև հիմա իմ կյանքում ես մարիխուանա չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ է իրենից ներկայացնում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանը հավաստիացնում է, որ ինքը չի միջամտում որդու դեմ հարուցված քրեական գործով տեղի ունեցող դատական նիստերի ընթացքին: Այսօր լրագորղների հետ զրույցում, Յու. Վարդանյանն ասաց. «Իմ որդու գործում ամեն ինչ նորմալ է: Ես չեմ մասնակցում դատերին, ոնց որ դատը պիտի գնա, այդպես էլ պիտի գնա, ինքն իր արած գործի համար պետք է պատիժը կրի»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, թե դա ամենևին էլ չի նշանակում, որ ինքը չի անհանգստանում որդու համար:

«Ի՞նչին միջամտեմ, ի՞նչ միջամտեմ, եթե ինքն է սխալ թույլ տվել և իր սխալի համար պետք է պատժվի, միջամտեմ, որ՝ ի՞նչ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե որպես նախարար կարող եք օգտագործել Ձեր դիրքը, պաշտոնը,  Յուրի Վարդանյանն այսպես արձագանքեց. «Անձնական հարցերի համար պաշտոնական դիրք օգտագործելը սխալ եմ համարում, մանավանդ, որ իմ որդին է սխալ եղել»:

Հարցին, թե նախատե՞լ եք Ձեր որդուն՝ թմրամիջոց օգտագործելու համար, Յու.Վարդանյանը նախ պատասխանեց, թե որդին «լավ բան չի արել», ապա նշեց, թե ինքը չէր ցանկանա, որպեսզի որևէ մեկի երեխան՝ անկախ նրանից պաշտոնյա՞ է, թե՞ ոչ, թմրանյութ օգտագործեր:

Կարդացեք նաև

«Ի՞նչ է նշանակում մարիխուանա ծխել, դա շատ վատ երևույթ է, առավել ևս իմ տղան չպիտի աներ նման բան,- ասաց նախարարը, ապա հավելեց,- Եթե ես անընդհատ զբաղված եմ եղել, 16 տարի Ամերիկայում եմ եղել, գիտեք՝ այնտեղ 13 տարի այդ գործերով զբաղվում են դպրոցներում: Ես էլ այդ ուղղությամ շատ փակ մարդ եմ, որ մինչև հիմա իմ կյանքում ես մարիխուանա չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ է իրենից ներկայացնում, ո՞նց կարող էի ուշադիր լինել, եթե այդ ճանապարհը չեմ անցել, եթե անցած լինեի, ուշադիր կլինեի, որ իմ երեխան էլ չաներ այդ սխալ գործերը: Ուղղակի վրիպում է եղել, ես պետք է ավելի շատ ուշադիր լինեի, քան եղել եմ, բայց մյուս երկու տղաներս մոտ նման բան չկա: Բացի ծխելուց՝ ուրիշ որևէ բան չի եղել իր մեջ, մի բան էլ ցավազրկիչ է եղել, այն ինչ-որ դեղատանը վաճառում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս