Տիգրան Սարգսյանը թվարկում է պատճառները, թե ինչու ՀՀ-ում չի կարող լինել Մայդան

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գնահատում է «ցավալի»: «Մեզ համար շատ ցավալի իրադարձություններ են, որովհետև գաղտնիք չէ, որ Ուկրաինան մեզ համար բարեկամ, եղբայրական երկիր է, և մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն, գործընթացները վերականգվեն: Մենք ցանկանում ենք մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական ճգնաժամը հնարավորինս շուտ հաղթահարվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե իշխանափոխության նման ճանապարհը, ինչպիսին եղավ Ուկրաինայում, ընդունելի՞ է Ձեզ համար և ինչպե՞ս կվարվեք Դուք, եթե Վ. Յանուկովիչի կուսակցության նման ՀՀԿ-ն էլ հրաժարվի Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, թե նման դեպք Հայաստանում տեղի չի ունենա: «Ես կարծում եմ, որ այդպիսի համեմատականները կոռեկտ չեն, տեղին չեն և կարծում եմ, որ որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են նման սցենարի մասին: Բայց ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ»,- նշեց նա:

Վարչապետը մատնանշեց մի քանի պատճառներ, թե ինչու Հայաստանում նման սցենար չի կարող իրականացվել. «Առաջին՝ մեր քաղաքական թիմի դիրքորոշումը և մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ մենք պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ՝ լինի դա խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես համագործակցության եզրեր գտնելու կողմնակիցներ ու մեր քաղաքական դիրքորոշումն այս առումով շատ հստակ է: Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ, և մենք ինքներս ենք բարձրացնում այդ խնդիրների մասին, մեր դռները միշտ բաց են համագործակցության ցանկացած առաջարկի համար, ինչը նույնպես ստեղծում է որակապես այլ միջավայր:

Երրորդը, և ամենակարևորը՝ մեր ժողովրդի դիրքորոշումն է: Մեր ժողովուրդն անցել է այդ ճանապարհը և մենք գիտենք այդ ճանապարհի վտանգները և դա դաս է եղել իշխանությունների, բոլոր կուսակցությունների համար և մեր ժողովուրդը իր խորը իմաստությունը, շրջահայացությունը կդրսևորի նաև այս պարագայում: Չորրորդ գործոնն էլ այն է, որ արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում է մեզ: Եվ այն քաղաքական որոշումը, որը կայացրել է երկրի նախագահը՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ, մեր բնակչության ճնշող մեծամասնության կողմից հավանության է արժանացել»,- մանրամասնեց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Ուկրաինայում կատարվածը չի կարող տեղի ունենալ Հայաստանում:

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում այն մտահոգություններին, թե Մաքսային միությունը այլևս որպես կառույց չի կայանա Ուկրաինայում իշխանափոխության հետևանքով, Տ. Սարգսյանը պատասխանեց, թե այդ կառույցը կայացած է և կատարում է իր հերթական քայլը զարգացման առումով:

«Ուզում եմ արձանագրենք, որ այդ կառույցը կայացած է, ցույց է տվել իր էֆեկտիվությունը: Ավելին՝ այդ կառույցը կատարում է սերտ համագործակցության հաջորդ քայլը՝ դա Եվրասիական տնտեսական միության ձևավորումն է, որի մասին քաղաքական հայտարարություն են արել երեք երկրների նախագահները, գնում են համագործակցության նոր փուլի, այն է՝ ապրանքների ազատ հոսք, կապիտալի, աշխատույժի, ծառայությունների»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս