Տիգրան Սարգսյանը՝ Կառավարությանն անվտահություն հայտնելու մասին
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին հնարավոր նախաձեռնությանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերվում։ «Քաղաքական ուժերի իրավունքն է, ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, որ դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում: Եվ տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից և բնական է, որ այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում և երբ որ նրանք նպատակահարմար են գտնում այդ գործիքն օգտագործել, քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով, նրանք կարող են օգտվել և դա նորմալ քաղաքական պայքարի ձև է» ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
168.am-ի դիտարկմանը, թե Ձեր աշխատանքից դժգոհ են քաղաքական չորս ուժերը Տիգրան Սարգսյանն այսպես արձագանքեց. «Հարգելի գործընկերներ, Դուք հիշո՞ւմ եք որևէ մեկ կառավարություն ՀՀ պատմության մեջ, կամ որևէ դեմոկրատական երկիր, որտեղ չլինեն դժգոհություներ կառավարությունից։ Քաղաքական դաշտը ենթադրում է, որ քաղաքական պայքարը պետք է լինի միշտ, հակառակ դեպքում կնշանակի, որ մենք չունենք ընդդիմախոսներ և ընդդիմութուն։ Կոչ եմ անում, որ դուք դրան վերաբերվեք որպես դեմոկրատական երկրի նորմալ, օրինաչափ երևույթ, և որպես լրագրողներ, եթե դրան հանգիստ վերաբերվեք, կարող եք օբյեկտիվ դատել, թե այդ փաստարկները, որ քննադատում են Կառավարությանը՝ ճի՞շտ են, թե՞ ճիշտ չեն, որպեսզի դուք հնարավորություն տաք մեր քաղաքացիներին դատողությունները կառուցել օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա՝ որտեղ են, որ հիմնավոր են քննադատական խոսքերը և որտեղ են, որ քաղաքական շահարկումներ են»:
Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ոչ իշխանական չորս ուժերը «ղալաթ են անում»՝ պահանջելով ՀՀ կառավարության հրաժարականը, ապա Տ. Սարգսյանը հորդորեց նախարարի «էմոցիոնալ պատասխանի վրա» քաղաքական դեբատներ չկառուցել, չնախապատրաստել կոշտ ու կոպիտ պատասախաններ։ «Կարծում եմ, որ պետք է համարենք հարթված միջադեպը և փորձենք, որ երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում»,- նշեց նա: