Բաժիններ՝

Սամվել Բալասանյանը կամ իր որդին երեխաների հացին «վայիս» լինող չեն (տեսանյութ). ԳԱԼԱ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր հանդիպել է Գյումրիի նախակրթարանների տնօրենների հետ եւ հանդիպումը սկսել է նախազգուշական տոնով՝ նրանց հասցեին քննադատական խոսքեր հղելով եւ մեղադրելով, որ լրատվամիջոցներին «տակից ինֆորմացիա» են տալիս: Հիշեցնենք, որ այս հանդիպման համար պատճառ էր հանդիսացել օրերս ԳԱԼԱ հեռուստաընկերության հեռարձակված եւ ԳԱԼԱ-ի կայքում հրապարակված «Գյումրիի նախակրթարաններում երեխաները թերսնվում են, իսկ ծնողական միջոցները՝ գրպանվում» տեսանյութը: ԳԱԼԱ-ն  պարզել էր, որ Գյումրիի նախակրթարաններում մատակարարվող սնունդը 20-30 տոկոսով ավելի բարձր գներ ունեն, քան սովորաբար վաճառում են խանութներում:

ԳԱԼԱ-ն նաեւ պարզել էր, թե ով է մատակարար ընկերության ղեկավարը եւ փորձել էր ճշտել հենց Ս. Բալասանյանից, թե նա ի՞նչ կապ ունի Բալասանյանի որդու հետ: Մեր այս տեսանյութի հետքերով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում եւ քննություն է սկսելու: Այս մասին հենց Սամվել Բալասանյանն ասել է նախակրթարանների տնօրեններին՝ հավելելով, որ ինքը դեմ չէ, «ով որ մեղավոր է, թող պատասխան տա»:

«Մենք որոշեցինք բարեփոխումներ կատարել նախակրթարաններում, բայց ոնց որ թե մեր մոտ լավ չի ստացվում, պատճառը սկսեք ման գալ նախակրթարանների մեջ»,- ասել է Սամվել Բալասանյանը: Ապա հավելել է, որ ինքը որոշել է գնումների մասին օրենքով շարժվել եւ փորձել է այդպես անել, որ ավելորդ խոսակցություններ չլինեն, բայց չի ստացվել: Սամվել Բալասանյանը մեղադրանքներ է հնչեցրել մանկապարտեզների վարիչներին, թե ինչո՞ւ են անընդհատ գանգատվում եւ չեն խոսում այն մասին, թե ինքը ինչ որոշակի բարեփոխումներ է արել համակարգում: Մի՞թե մոռացել են, թե ինչպես էին վճարվում:

«Փորձեցինք աշխատավարձերը ժամանակին տալ, ձեզնից որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ մեկ օր ուշացել է, հիշո՞ւմ եք, որ ես ուշացնեմ ձեր աշխատավարձերը, չկա , չէ՞… Որեւէ մի անգամ դուք քաղաքապետարանից ստացե՞լ էիք հավելյալ գումարներ, որ ձեր հոգսերը հոգաք, չի եղել չէ՞ ձեր պատմության մեջ: Իմ ուսումնասիրմամբ՝ չի եղել: Ես նաեւ այդ քայլին գնացի, անգամ մի մանկապարտեզ գնացի ու իմ գրպանից ասֆալտապատեցի»:

Ապա Բալասանյանը շեշտել է՝ քանի որ նախակրթարանների տնօրենները, իր խոսքերով, օբյեկտիվ պատկերը չեն ներկայացրել, չեն խոսել բալասանյանական փոփոխություններից, ուրեմն ինքն էլ ստիպված է որոշակի բաներ բարձրաձայնելու, օրինակ այն, թե նախակրթարանների տնօրենների համար իրեն քանի հոգի է զանգում ու խնդրում, որ վարիչ մնան:

«Նախակրթարանների տնօրենների համար քանի հոգի է, օրինակ, ինձ զանգում, խնդրում, դուք ստիպեցիք ինձ, որ բաց խոսեմ, թե չէ չէի ուզենա հանդիպել եւ խոսել, եւ իմ խնդիրը լինելու էր միայն նախակրթարանները կայացնելը եւ ամեն մի նախակրթարան մտնելով՝ բարեգործություն անելով դուրս գայի: Դուք գիտեցեք՝ Բալասանյան Սամվելը իրա կյանքում երեխայի հացին… կամ իմ որդին որեւէ մեկի հետ կապված խնդիր չի ուզում, ինչքան պետք է ասեք փող տամ, սնունդ տամ, ավելորդ բաներ մի խոսեք, բերեք կայացնեմ մեր մանկապարտեզները, մեր երեխաներն են…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս