
ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ Ուկրաինայի առջև. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ Ուկրաինայի անկեղծ ընկերը և ակտիվորեն աջակցելու է այդ երկրում բարեփոխումների գործընթացին.
«Մենք ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի շրջանակներում (վաղը) քննարկելու ենք Ուկրաինայում տիրող իրավիճակը: Դաշինքն աջակցում է քաղաքական երկխոսությանն ու այդ երկրում բոլոր ուժերի կողմից զսպվածությանը: Ուկրաինան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերը:
ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ միջազգային բոլոր խաղացողները՝ առանց բացառության, ամբողջովին հարգանք կցուցաբերեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ: Ներկայումս Ուկրաինան ունի ավելի հրատապ խնդիրներ, քան ՆԱՏՕ-ին անդամակցելն է: Սակայն ՆԱՏՕ-ի դռները մնում են բաց:
Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում (2008 թվականի ապրիլ) ընդունված որոշումը մնում է ուժի մեջ: Դրանում հայտարարվել է, որ Ուկրաինան (նաև Վրաստանը) մի օր դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, եթե դա լինի նրա ժողովրդի կամքը»: