Արմեն Գևորգյանն այցելել է Աշոցքի տարածաշրջան
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջան:
Փոխվարչապետն այցն սկսեց Բավրա համայնքից: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Բավրայի եւ հարակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեցին համայնքներում իրականացվող ծրագրերին, առկա խնդիրներին, սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող եւ ընթացիկ այլ հարցեր: Մասնավորապես բարձրացվեց տարածաշրջանի համայնքների գազիֆիկացման խնդիրը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկվում է հարցը Բավրայի մաքսակետի արդիականացման ծրագրի շրջանակում լուծելու հնարավորությունը: Մյուս խնդիրը վերաբերում էր հողօգտագործման հարցերին` կապված հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի հետ: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:
Ղազանչի համայնքի ղեկավարն էլ բարձրացրեց համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի լրացուցիչ սեփականաշնորհում իրականացնելու հարցը: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ այն քննարկվել է կառավարությունում, շրջանառության մեջ է դրվել համապատասխան փաստաթուղթը եւ, ակնկալվում է, որ երկու գյուղերի` Ղազանչիի եւ Փոքր Սեպասարի նմանատիպ խնդիրն առաջիկայում լուծում կստանա: Բարձրացվեցին նաեւ միջհամայնքային միավորումների կողմից տեղական հարկերի բազաների արդյունավետ կառավարման հետ կապված հարցեր: Նշվեց, որ նոր, առավել արդյունավետ լուծումների անհրաժեշտություն է առաջացել, եւ այդ հարցում ակնկալվում է կառավարության աջակցությունը:
Փոխվարչապետն այնուհետեւ շրջայց կատարեց Բավրայի նորակառույց համայնքային կենտրոնի շենքում, որտեղ ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: Կենտրոնը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը շուրջ 70 մլն դրամ է: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ աշխատանքները կավարտվեն առաջիկայում: Նոր կենտրոնի շենք կտեղափոխվի գյուղապետարանի աշխատակազմը, այնտեղ կգործի նաեւ հանդիսությունների սրահ, գրադարան, ինչպես նաեւ կլինի համակարգչային սենյակ:
Փոխվարչապետն այցելեց նաեւ Բավրայի սահմանային անցակետ, տեղեկացավ արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների մասին:
Այնուհետեւ Ա. Գեւորգյանը մեկնեց Աշոցք, որտեղ եւս ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին: Համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով կառուցվում է դպրոցի նոր շենք: Փոխվարչապետին զեկուցվեց, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսին: Դպրոցը նախատեսված է 400 աշակերտի համար, ունենալու է կաթսայատուն եւ ջեռուցման համակարգ, երկու մարզադահլիճ` բացօթյա մարզահրապարակով եւ դպրոցի ներսում գործող դահլիճով: Ծրագրի ընդհանուր արժեքը 736 մլն դրամ է:
Համայնքի նախկին դպրոցի մասնաշենքերից մեկը ներկայումս վերակառուցվում է որպես բազմաբնակարան շենք, որտեղ պետք է տեղափոխվեն վթարային շենքերից մեկի ընտանիքները: Այդ ծրագրի իրականացման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ ծրագրով հատկացվել էր 31 մլն դրամ: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ շինարարական աշխատանքները կվերսկսվեն մարտից եւ, ակնկալվում է, որ շենքը շահագործման կհանձնվի մայիսին:
Համայնքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով հիմնանորոգվել է մանկապարտեզը: Ներկայումս կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ, շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսին, ինչպես նաեւ կապահովվի անհրաժեշտ գույքով: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 74 մլն դրամ:
Փոխվարչապետը կարեւորեց ծրագրերի նշանակությունը համայնքի բնակիչների համար` միաժամանակ անհրաժեշտ համարելով հաստատությունների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը եւ համայնքապետին հորդորեց դրանց պահպանման համար անհրաժեշտ միջոցներ նախատեսել համայնքային բյուջեում:
Փոխվարչապետն այցն ավարտեց Գյումրիում: Քաղաքապետարանում մարզպետի եւ քաղաքապետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկություններ ներկայացրեց համայնքային ենթակայության հաստատությունների գործունեության, ինչպես նաեւ փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվեցին նաեւ այն առաջարկությունները, որոնք քաղաքային եւ մարզային իշխանությունները ներկայացրել են` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման նոր` հինգերորդ հրատապ ծրագրում ընդգրկելու համար:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին