Ինչպես են կոտրել «Դ!ԵՄ ԵՄ»-ի կայքը
Ադրբեջանական հաքերների կողմից կատարված DNS հարձակման զոհերի ցուցակում է նաև «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստների ստեղծած dem.am կայքը: Տարօրինակն այն է, որ շարժման ակտիվիստների շարքերում մեծ թիվ են կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, և, որ նրանց պատրաստած կայքը, փաստորեն, հաքերներին հաջողվել է կոտրել:
168.am-ի հետ զրույցում «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստներից Վահան Դուրինյանը պարզաբանեց, որ ծրագրավորումը կապ չունի կայքի գրանցման և պաշտպանման հետ, և դա ADC ընկերության ներքին խնդիրն է:
«Ես չեմ կարծում, որ սա հենց «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետ է կապված, շատ այլ կայքեր են կոտրվել կոնկրետ ADC ընկերությունում»,- նշեց Դուրինյանը:
Դիտարկմանը՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ այս հարձակումը ոչ թե ադրբեջանական, այլ հայկական, ներքին կազմակերպիչներ ունենա, Վ.Դուրինյանը պատասխանեց. «Ես չէի ասի նման բան, որովհետև հարձակումը մասսայական է եղել»:
Նշենք, որ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում գրել է. «Ադրբեջանական հաքերներին հաջողվել է DNS hijacking կատարել և վերաուղղել այցելուներին Ադրբեջանում գտնվող մի էջի վրա: Փաստացի, կայքերի վրա ազդեցություն չի եղել»:
Նա ներկայացրել է փոփոխված DNS-ներով դոմենների (մի շարք հասցեներով կայքեր չեն էլ եղել) նախնական ցուցակը (300 ավելի կայք է հարձակման ազդեցության տակ ընկել):