
Ուկրաինայի բողոքի ակցիաների ժամանակ տուժել է 15 անչափահաս

ZN.UA-ի փոխանցմամբ՝ փետրվարի 18-22-ին Կիևում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ բժիշկներն օգնություն են ցուցաբերել 780 մարդու, որից հոսպիտալացվել է 520-ը: Այս մասին է վկայել Գերագույն ռադայի իրականացրած դիտարկումը:
Վերջինիս արդյունքները վկայել են, որ բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տեղի են ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից երեխաներին անհիմն ձերբակալելու և նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքեր:
2013 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2014 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իրավապահներն Ուկրաինայի շրջաններում ձերբակալել են ավելի քան 60 անչափահասի՝ կապված բողոքի զանգվածային ակցիաներին նրանց հնարավոր մասնակցության հետ:
Անչափահասների մեծ մասը հարցաքննվել է որպես վկա, ինչպես նաև ազատ է արձակվել պրոֆիլակտիկ զրույցից հետո: Եվ այնուամենայնիվ, 13 անչափահասի նկատմամբ ընթանում է նախաքննություն՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 15-րդ, 294-րդ և 341-րդ հոդվածներով:
Բացի այդ, 18 դեպքում էլ գործ է հարուցվել վարչական իրավախախտումների համար, ինչը վերաբերում է ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին: 2013 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2014 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում բուժում է ստացել 15 երեխա, որոնք ունեցել են գանգուղեղային վնասվածքներ, ուղեղի ցնցումներ, հրազենային վերքեր և այլն: