
ԲՀԿ-ական. ՀՀ նախագահը Հայաստանի խորհրդանիշներից է և պետք է վերաբերել նրան ինչպես զինանշանին (տեսանյութ)

Այսօրվա ասուլիսում ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանը անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, նշեց, որ, ցավոք, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Օրինակ բերելով Ուկրանիայում տիրող իրավիճակը, նա կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել և դուրս գալ այս անելանելի վիճակից՝ խուսափելու համար երկրորդ Մայդանից:
Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետագա անելիքներից, նա նշեց, որ կուսակցությունը պատրաստվում է դիմել կտրուկ քայլերի՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ԲՀԿ-ն աղոտ պատկեր է ստեղծել ժողովրդի մոտ, քանի որ կուսկցության առաջնորդը, ով մենաշնորհ ունի խաղատների ոլորտում, պնդում է, որ երկրի վիճակը ծանր է, Զ. Զոհրաբյանը պատասխանեց. «Մենաշնորհ չկա: Կլինեն և ուրիշ խաղատներ, որոնք ընդհանրապես կապ չունեն Գագիկ Ծառուկյանի հետ»:
Ընթացքում ասուլիսի թեման, կարծես թե, վերածվեց բանավեճի: Զոհրաբ Զոհրաբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին` կապված ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ փոխհարաբերությունների հետ, ասաց, որ ՀՀ նախագահը Հայաստանի խորհրդանիշներից է և պետք է վերաբերել նրան ինչպես զինանշանին: