
Ջհանգիրյանը՝ Բագրատյանին. Գիտեք մեր առաջնորդի տեսակետը, որ Հայաստանում հակառուսական շարժում չկա ու Մայդան ստեղծել հնարավոր չէ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ եթե 2008 թվականի Մարտի մեկի գործը ճիշտ քննվեր, Մայդան չէր լինի՞: Ի պատասխան հիմնական զեկուցող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե ինքը դժվարանում է կապ տեսնել Մարտի մեկի ու Մայդանի միջև:
«Դժվար եմ կապ տեսնում, որովհետև եթե հիմա Դուք մեր խմբակցության անդամ եք, գիտեք մեր առաջնորդի տեսակետը, որ Հայաստանում հակառուսական շարժում չկա ու Մայդան ստեղծել հնարավոր չէ, ինչին ես համակարծիք եմ»,- նշեց նա:
Գագիկ Ջհանգիրյանը ասաց, թե հանձնաժողովի ստեղծմամբ գործի քննության հարցում «ոչ մի բան էլ չի լինելու էդ գործի հետ, տարիներով պահելու են, մինչև մոռացվի գնա»:
Նրա խոսքով՝ եթե իրավապահ մարմինները ձգտում, եռանդ ունենային գործը բացահայտելու ողղությամբ, իսկ իշխանություններն էլ քաղաքական կամք ցուցաբերեին, ինչը, նրա գնահատմամբ, բարդ չէ, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Ըստ նրա՝ եթե իշխանությունը քաղաքական կամք ունենա, դա բարդ բացահայտվող խնդիր չէ: Ջհանգիրյանը վստահություն հայտնեց, որ իշխող մեծամասնությունում էլ կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ իրական մարդասպանները պատժվեն:
Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց. «Երևի լավ տեղյակ չեք՝ Մայդանը հակառուսական ուղղություն չի ունեցել, իրենք արտահատել են ժողովրդի կամքը: Հայաստանում էլ ժողովուրդը իրավունք ունի արդար իշխանություն ունենալ ու ես կարծում եմ, որ Հայաստանում Մայդան հնարավոր է ու այդ երևույթը ուղղված չէ Ռուսաստանի դեմ»:
Գ. Ջհանգիրյանն էլ այսպես արձագանքեց. «Ես Մայդանի մասնագետ չեմ, գիտեք: Դուք շատ եք գնում-գալիս Ուկրաինա, խորքից գիտեք, ես չգիտեմ»: