
Զուրաբ Ժվանիային սպանել են Սաակաշվիլու ու Մերաբիշվիլու ներկայությամբ. վրացական մամուլ

Վրացական «Ասավալ-դասավալի» թերթի փոխանցմամբ՝ ավարտվել է 2005 թվականի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան շուրջ հետաքննությունը, սակայն դատախազությունը չի շտապում բացահայտել մանրամասները:
Թերթն ընդգծում է, որ դատախազության կողմից հապաղելը կապված է նրա հետ, որ ի հայտ է եկել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անմիջական մասնակցությունը Զուրաբ Ժվանիայի սպանությանը:
Թերթի տվյալներով՝ Ժվանիան սպանվել է Թբիլիսիի շրջակայքում գտնվող «Շավնաբադա» նախագահական նստավայրում, և որ դրան ներկա են գտնվել Սաակաշվիլին և տվյալ ժամանակ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին:
Այնուհետև Ժվանիայի դիակը տեղադրել են հեռուստացույցի արկղի մեջ և տարել Թբիլիսիում գաղտնի բնակարան, ուր և բեմադրել են դժբախտ պատահարից՝ գազի արտահոսքից, նրա մահանալը: Թերթն ընդգծում է, որ կա մի աուդիոձայնագրություն, որում լսվում է Սաակաշվիլիի ձայնը.
«Հենց հիմա հեռացրու այս դիակը, և արա այնպես, ինչպես որ պայմանավորվել ենք»: Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Ժվանիայի մահվան հետաքննությունը դեռ չի ավարտվել, ինչի համար էլ որևէ մեկնաբանություն չի տալիս:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին իշխանության բերած «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Զուրաբ Ժվանիան մահացել է 2005 թվականի փետրվարի 3-ին` պաշտոնական վարկածով գազի արտահոսքից: Ժվանիայի ընտանիքը քանիցս հայտարարել է, որ համակարծիք չէ պաշտոնական տարբերակի հետ: