
Ցուցարարները Ղրիմի խորհրդարանի շենքի վրա տեղակայել են Ռուսաստանի դրոշը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի բնակիչները երեկ բողոքի ակցիա են անցկացրել Ուկրաինայի նոր իշխանությունների դեմ: Ակցիայի ժամանակ նրանք Ռուսաստանի դրոշը տեղակայել են Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Օլեգ Կրյուչկովը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի դրոշը հայտնվել է շենքի ճակատային հատվածում: Բողոքի ակցիային մասնակցել է 300-500 մարդ, որոնք պահանջել են ընդունել այնպիսի որոշում, որը կապահովի ինքնավարության անկախությունն Ուկրաինայի կենտրոնական իշխանություններից:
Մասնավորապես, նրանք պատգամավորներից պահանջել են վերադարձնել ինքնավարության 1992 թվականի Սահմանադրությունը, հանրաքվե անցկացնել Ղրիմի կարգավիճակի շուրջ և ղրիմյան «Բերկուտը» պաշտպանել արմատականներից: Ցուցարարները վանկարկել են «Ռուսաստան» և «Բերկուտ» բառերը:
Ցուցարարների հետ հանդիպել է Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը և հայտարարել, որ մտադիր չէ լքել Ղրիմը և նրա բնակիչների հետ կլինի մինչև վերջ. «Այսօր Կիևը չի ցանկանում լուծել մեր խնդիրները, ինչի համար էլ մենք պետք է միավորվենք ու գործենք վճռականորեն: Նեոնացիզմը տեղ չունի Ղրիմում: Մենք չենք հանձնի Ղրիմը»: