Թուրքական ընդդիմությունը պահանջել է Էրդողանի հրաժարականը (տեսանյութ)
Euronews-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ Հալուկ Քոչը հայտարարել է, որ կաշառակերության ու հափշտակումների մեջ բացահայտված վարչապետ Ռեջեփ Էրդողանը պետք է անհապաղ հրաժարական տա:
Այս կոչն արվել է երկուշաբթի ծագած սկանդալի ֆոնին, որն առնչվում է հենց Էրդողանին: You Tube վիդեոհոսթինգում հայտնվել է մի ձայնագրություն, որում իբրև թե Էրդողանը խոսում է իր որդու հետ: Նույն օրն Էրդողանն արտահերթ հանդիպում է անցկացրել փոխվարչապետի, ՆԳՆ-ի ու Ազգային հետախուզության կազմակերպության (MIT) ղեկավարների հետ:
Ձայնագրությունում իրեն Թուրքիայի վարչապետ ներկայացնող մարդը խնդրում է տնից դուրս բերել 30 միլիոն եվրո կազմող կանխիկ գումարը և բաշխել մոտ մարդկանց: Էրդողանի գրասենյակը կեղծիք է անվանել այդ ձայնագրությունը: Ստամբուլի բնակիչները համաձայն չեն նրա հետ՝ ընդգծելով, որ Թուրքիան հանդիսանում է կոռուպցիայի ու կաշառակերության զոհ: Նրանք հավատում են այդ ձայնագրության իսկությանը: