Մարգարիտ Եսայան. Հարգելի կեղծ պրոֆիլով հանդես եկող տիկնայք և պարոնայք, գիտենք բոլորիդ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը Ազգային ժողովում.
«Սիրելի գործընկերներ, խոսքս գուցե ոմանց զարմանալի թվա, բնական է, քանի որ խոսելու եմ ոչ թե կուտակային կենսաթոշակի, ոչ թե հայ-ադրբեջանական սահմանի, ոչ էլ ստեղծվող կամ ստեղծվելիք հանձնաժողովների մասին, չեմ խոսելու նաեւ Ուկրաինայի մասին: Խոսելու եմ իրականության եւ ոչ-իրականության մասին, խոսելու եմ իրական Հայաստանի եւ իրական ներկայացող Հայաստանի մասին:
Իրական Հայաստանը մենք ենք բոլորս, հայ գյուղացին, որ արդեն մտել է գարնանացանի հոգսերի տակ, հայ սահմանապահը, որ պահում է երկրի սահմանը եւ չի տրտնջում, հայ աշխատավորը, որ դժգոհ է իր աշխատավարձից եւ փորձում է փոխել իր կյանքի որակը, իրական Հայաստանը նաեւ այստեղ նստած յուրաքանչյուրս ենք, որ մեր հնարավորությունների, պատկերացումների, ծրագրերի, կամքի սահմաններում փորձում ենք աշխատել այնպես, որ Հայաստանի քաղաքացին լավ ապրի, որ մարդիկ չհեռանան երկրից, գան ու մնա, քանի որ այս իրական Հայաստանը մեր բոլորի իրական հայրենիքն է՝ դժվար, հոգնած, հոգսաշատ, բայց առաջ նայող եւ ապագայի նկատմամբ հավատով լեցուն:
Ցավոք, զուգահեռ կա նաեւ իրական ներկայացող Հայաստան, որը ստեղծվում է ոչ իրական լրատվամիջոցներում, ոչ իրական, վիրտուալ աշխարհում, ոչ իրական իրականության մեջ:
Իսկ մարդիկ բոլորին եւ ամեն ինչ տեսնում են, իսկ մարդիկ լսում են եւ հույս ունեն, որ մենք այստեղ եւ դրսում կարող ենք եւ ուզում ենք իրական Հայաստանը դարձնել լավը, դարձնել առավել բարեկեցիկ եւ ոչ հոգսաշատ:
Այո, հենց դա ենք ուզում, բայց, իրականի եւ ոչ իրականի սահմանները վերջերս շատ տգեղ են միաձուլվում եւ ոմանք իրենց անիրական, վիրտուալ պրոֆիլներով եւ իրական դեմքերով շատ չեն տարբերվում: Տեսնողը՝ տեսնում է, հասկացողը՝ հասկանում, մանավանդ՝ աշխատաոճն է գռեհիկ եւ անճաշակ:
Հարգելի կեղծ պրոֆիլով հանդես եկող տիկնայք եւ պարոնայք, գիտենք բոլորիդ, ձեր իրական ցավը հասկանում ենք: Ճիշտ իրականությանը հասնելու համար առաջարկում եմ կարդալ ուղիղ հարյուր տարի առաջ 1914-ին Վահան Տերյանի գրած «Հոգեւոր Հայաստանը» հոդվածը: Փակագծեր բացելու հետագա հաճույքը թողնում եմ ձեզ»: