Արծվիկ Մինասյանը գործատուներին հորդորեց չենթարկվել գործադիր իշխանության սադրանքներին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամին՝ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, ասաց, որ ստեղծված իրավիճակը իրենց համար զավեշտալի է: «Գործադիր իշխանությունն իր ամբողջ կազմով վերից վար հարձակվել է այս համակարգի դեմ հանդես եկողների մոտեցումների և անձանց վրա՝ նախ խախտելով Սահմանադրության բոլոր հնարավոր նորմերը, որոնք պարտավորեցնում են գործադիր իշխանությանը գործել միայն օրենքով սահմանված լիազորությունների սահմանում, հետո էլ  ապատեղեկատվություն է տարածում ու կեղծ թեզեր՝ այդ միջոցով ապակողմնորոշելով ոչ գործադիր իշխանության, բայց փաստացի իշխանություն ունեցող անձանց»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ՀՀԿ-ական պատգամավորները հանդես են գալիս հայտարարությամբ, թե որքան կարևոր է այս համակարգը, այնպես են վկայակոչում միջազգային փորձը, որ կարծես իրենք են սնվում այդ համակարգից կամ այդ համակարգին ծանոթ մարդիկ են:

«Այս ամբիոնից հայտարարում եմ՝ միջազգային որևէ լավագույն փորձում նման բան չեք գտնի, միայն այն է, ինչ պարտադրվում է Հայաստանին, եթե ցանկություն ունեք՝ հանենք տեղեկանքներով ներկայացնենք»,- նշեց նա:

Ըստ Ա. Մինասյանի՝ դա կարող են անել նաև ակտիվստները, ովքեր պայքարում են այս համակարգի դեմ: Նա հորդորեց գործատուներին չենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին, սադրանքներին:

Տեսանյութեր

Լրահոս