
Հիվանդանոցում մահացած զինծառայողի գործով նշանակված փորձաքննության եզրակացությունը չի ստացվել

Վաղարշապատի հիվանդնոցում մահացած զինծառայող Էդիկ Շահնազարյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով՝ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, գործով ձերբակալվածներ, ինչպես նաև մեղադրյալներ չկան:
Ավելի վաղ Մերի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ զինվորի մահվան փաստի առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) : ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն էլ, անդրադառնալով այն տեղեկությանը, որ զինծառայողը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը, ասել էր, որ մահվան պատճառը և ժամանակը հնարավոր կլինի պարզել դատաբժշկական փորձաքննության եզրակացության ստացվելուց հետո: