
Իրանը բացահայտել է իսրայելական ավիացիայի հարձակողական գործողությունների մարտավարությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ իրանցի գեներալ Ղոլամ Ռեզա Ջալալին այսօր հայտարարել է, որ իր երկիրը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել իսրայելական ավիացիայի գործողությունների մարտավարությունը 2006 թվականի լիբանանյան պատերազմի ժամանակ:
Գեներալը բացատրել է, որ իսրայելցիների հարձակողական գործողությունների վերլուծությունն Իրանին հնարավորություն է տվել էականորեն ամրապնդել սեփական պաշտպանական հնարավորությունները: Մասնավորապես, իրանցի մասնագետների թիմը Լիբանանում հավաքել է ավիահարվածների հետևանքով փլուզված շինությունների ավելի քան 5000 լուսանկար:
Այդ լուսանկարների հետազոտությունից հետո վերակառուցվել ու ամրապնդվել են իրանական պոտենցիալ թիրախները: Բացի այդ, գեներալի խոսքերով՝ փոփոխության է ենթարկվել իսրայելական հնարավոր հարձակումից երկրի կարևոր օբյեկտների պաշտպանության ռազմավարությունը. այդ օբյեկտների մի մասը տեղափոխվել են ստորգետնյա ապաստարաններ, մյուսները ցրվել են ողջ երկրի տարածքում: