Ուկրաինայի Գերագույն ռադան Հաագայի դատարանին խնդրել է պատժել Յանուկովիչին ու մյուսներին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցություն է հայտնել Ուկրաինան Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ ճանաչելու մասին հայտարարությանը: Հայտարարությանն աջակցել է խորհրդարանի դահլիճում գրանցված 361 պատգամավորից 324-ը:
Դրանում նշված է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան՝ որպես երկրի միակ օրենսդիր մարմին, Ուկրաինայի ժողովրդի անունից Միջազգային քրեական դատարանին խնդրում է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային, ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյին ու մյուս պաշտոնատար անձանց:
Հայտարարությունում նշված է, որ տվյալ անձինք խախտել են Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրության 7-րդ հոդվածը և Ուկրաինայում գործել են մարդկության դեմ հանցանքներ նախորդ տարվա նոյեմբերի 30-ից մինչև այս տարվա փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ երեք ամսվա ընթացքում Ուկրաինայում իրավապահները բարձրաստիճան անձանց հրամանով անհամաչափ ուժ, հատուկ միջոցներ ու զենք են կիրառել Կիևում ու Ուկրաինայի մյուս քաղաքներում գրանցված խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ:
Այդ ամենի հետևանքով սպանվել է Ուկրաինայի և այլ երկրների ավելի քան 100 քաղաքացի, վիրավորվել է ավելի քան 2000 մարդ, որոնցից ավելի քան 500-ը գտնվում է ծանր վիճակում:
Փաստաթղթում նշված է, որ իրավապահները կտտանքների են ենթարկել ցուցարարներին՝ – 15 աստիճան ցրտի դեպքում փողոցում մերկացնելով ու պահելով նման վիճակում: Բացի այդ, – 10 աստիճան ցրտի դեպքում ջրաշիթեր են կիրառվել ցուցարարների նկատմամբ: