Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում մշտապես աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստում անդրադարձել է 22 տարի առաջ Խոջալուում (Իվանյան) տեղի ունեցած դեպքերին.

«Խոջալուի դեպքերը 20-րդ դարի ամենամեծ աղետն են: Խոջալուի աղետի զոհերի մասին հիշողությունը Թուրքիայի համար նույնչափ թանկ է, որքան որ Ադրբեջանի համար է: Մենք կիսում ենք մեր ադրբեջանցի եղբայրների ցավը և ևս մեկ անգամ հարգում զոհվածների հիշատակը: Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում մշտապես աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը»:

Հիշեցնենք, որ այն տարածքը, որտեղ 1992 թվականին զոհվեցին Խոջալուի բնակիչները, գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո, ինչը նշանակում է, որ ադրբեջանցիները մահացածներին և տեղանքը անսահմանափակ ու անարգել նկարահանելու հնարավորություն ունեին:

Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հետագայում ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել են իր հրաժարականի համար հարմարավետ առիթ ստեղծելու համար: Նա հավելել էր, որ չի հավատում այն վարկածին, թե ադրբեջանական խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցք բացած հայերն են կրակել խաղաղ բնակիչների վրա և հետո թույլ են տվել, որ այդ փաստերը հայտնվեն ադրբեջանցիների ձեռքում:

Մութալիբովն ընդգծել էր, որ այդ ժամանակ Ակնի (Աղդամ) մոտակայքում ադրբեջանական բավականաչափ ուժեր էին տեղակայված, որոնք կարող էին դուրս գալ և օգնել այդ մարդկանց, կամ էլ ուղղակի համաձայնության գալ, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա: Այդպիսի պրակտիկա միշտ գոյություն է ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս