
Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է ձևավորվի ու հաստատվի հինգշաբթի. Տուրչինով

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը պետք է ձևավորվի ու հաստատվի հինգշաբթի: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Նա ընդգծել է, որ տալիս է նման հանձնարարական, որ հինգշաբթի խորհրդարանում իրականացվի նոր կառավարությանը վստահություն հայտնելու շուրջ քվեարկություն: Տուրչինովը հավելել է, որ խմբակցությունների, հանձնաժողովների ղեկավարները պետք է կառավարության ձևավորման վրա աշխատեն «զօրուգիշեր»:
Տուրչինովը կիրակի տեղի ունեցած խորհրդարանի նիստում խմբակցությունների առաջնորդներին հանձնարարել էր մինչև փետրվարի 25-ը կողմնորոշվել խորհրդարանական կոալիցիայի ձևավորման հարցում և առաջարկներ ներկայացնել նոր կառավարության կազմի մասին:
Կիրակի ուժի մեջ մտած 2004 թվականի Սահմանադրության համաձայն, կառավարության հարցի լուծման համար անհրաժեշտ է ձևավորել պատգամավորական խմբակցությունների կոալիցիա: