
Անգելա Մերկելը 16 նախարարի ուղեկցությամբ ժամանել է Իսրայել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 16 նախարարի ուղեկցությամբ երեկ երեկոյան ժամանել է Իսրայել: Գերմանական պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվում գտնվող «Բեն Գուրիոնի» օդանավակայանում:
Մերկելն Իսրայելում մասնակցելու է երկու երկրների միջկառավարական խորհրդաժողովին, որը տեղի է ունենալու այսօր: Դրանում քննարկվելու են երկու երկրների միջև անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական, առևտրային, էներգետիկ, իրավական, գյուղատնտեսական, տրանսպորտային, կրթական, մշակութային, մարզական ու առողջապահական ոլորտներում համագործակցության հարցը:
Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվելու է տարբեր ոլորտներում համագործակցության մասին 18 պայմանագիր: Մերկելն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկելու է նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը: