
Բրյուսելում ակնկալում են, որ Ուկրաինայի նոր վարչապետ կդառնա Յացենյուկը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի երկու հատուկ պատվիրակություններ նոր են վերադարձել Ուկրաինայից, ուր բանակցություններ են վարել քաղաքական գործընթացի առանցքային մասնակիցների հետ:
Վերադառնալուց հետո այդ պատվիրակությունների ղեկավարները հայտարարել են, որ ամենայն հավանականությամբ Ուկրաինայի հաջորդ վարչապետը կլինի «Բատկիվշչինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Եվրախորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկն ու պատվիրակության փոխնախագահ, պորտուգալացի եվրապատգամավոր Անա Գոմեշն այդ մասին հայտարարել են Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ.
«Մենք Կիևում հանդիպել ենք քաղաքական բոլոր առանցքային խաղացողների հետ: Մենք հանդիպել ենք հաջորդ վարչապետի հետ, որը հավանաբար լինելու է Յացենյուկը: Ամենայն հավանականությամբ, հենց Յացենյուկը կլինի ժամանակավոր կառավարության հաջորդ վարչապետը»:
Նշվում է, որ 12 պատգամավորից բաղկացած Եվրախորհրդարանի պատվիրակությունները Կիևում գտնվել են փետրվարի 22-24-ին: