ԱԱԾ պետի նախկին տեղակալի հովանավորյալ ընկերությունում սեփականատեր է փոխվում
«ԳՐԻԱՐ ՏԵԼԵԿՈՄ»-ի միանձնյան սեփականատեր Արթուր Հարությունյանը պատրաստվում է իր 100 % բաժնեմասն ամբողջությամբ վաճառել ՀՀ քաղաքացի Սերգեյ Ազարյանին: Այս օտարման գործարքին համաձայնություն տալու հարցը վաղը կքննարկվի Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նիստում:
«ԳՐԻԱՐ ՏԵԼԵԿՈՄ» ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին, տրամադրում է ծառայություններ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Ըստ էության, այս գործարքը կարելի է անվանել գումարելիների տեղափոխություն:
Խնդիրն այն է, որ թեև գործարքը իրավաբանորեն դեռ չի կայացել, բայց պետական ռեգիստրի կայքում որպես ընկերության հիմնադիր նշված է Սերգեյ Ազարյանի անունը, իսկ Արթուր Հարությունյանը մեկ այլ «Գրիարի»` «ԳՐԻԱՐ-ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՍՊԸ-ի համահինադիրն է (երկրորդ համահիմնադիր նշված է Հայկուհի Հարությունյանի անունը): ՀՀ-ում գործում են նաև «ԳՐԻԱՐ-ՀԱՆՔ», «ԳՐԻԱՐ-ՆԱԽԱԳԻԾ», «ԳՐԻԱՐ-ՇԻՆԱՐԱՐ» ընկերություններ, որոնք բոլորը «մայր» «Գրիար» ՓԲ ընկերության «զավակներն» են:
«Գրիար» ՓԲԸ-ն գրանցվել է 2003թ. նոյեմբերի 21-ին: Դրա խոշոր բաժնետերը «ՉԵՍ-ՏՈՐ» ՓԲԸ-ն է (86 % բաժնեմաս), որը գրանցված է Մոսկվայում: Ընկերության մյուս բաժնետերերն են` Արա Դոլունցը, Մհեր Փարվանյանն ու Արթուր Յորդանյանը:
Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ աշխատակից է՝ «Գրիարի» «տանիքը» հանդիսացող ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի փեսան:
Ի դեպ, «Գրիարը» 2004-ին ստացել էր Գլխավոր պողոտայի իրացման ու կառուցապատման առյուծի բաժինը՝ 8000 քմ տարածք (Ամիրյան փողոցից մինչև Բուզանդի փողոց), որտեղ պետք է կառուցեր 6 մասնաշենքից բաղկացած բազմահարկ՝ 14 հարկանի շենքեր:
Վայելելով պետական հովանավորությունը` «Գրիարն» այդ տարիներին աչքի էր ընկել այլ հարցում` 2004թ. 1 մլն և ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկատուների ցանկում կար նաև «Գրիար» ՓԲԸ-ն, որը պետությանը պարտք էր 3 մլն 336 հազար դրամ: