
Միայն Իրանն է իրավասու որոշել ուրանի հարստացման մակարդակն ու մասշտաբները. Սալեհի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ միայն Իրանի իշխանություններն են իրավասու որոշել, թե մինչև որ մակարդակի և ինչ մասշտաբով է պետք հարստացնել ուրան.
«Հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է որոշում ընդունում ուրանի հարստացման մակարդակի ու մասշտաբների մասին՝ իր կարիքներին համապատասխան: Թեհրանն այդ սկզբունքը համարում է «կարմիր գիծ»»:
Նշվել է, որ իր այս հայտարարությամբ Սալեհին պատասխանել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղար, Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար Ուենդի Շերմանի կողմից ոչ վաղ անցյալում արած այն հայտարարությանը, որ ցանկալի է, որ Իրանում ուրանի հարստացումը գտնվի զրոյական մակարդակի վրա: